Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA)-ն մեղադրանք է առաջադրել «Տոտենհեմի» 27-ամյա կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրին ռասիստական կատակի համար, որը նա արել է իր ակումբակցի՝ Սոն Հյուն Մինի հասցեին։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ անցած հունիսին հայտնվեց մի տեսանյութ, որում հեռուստահաղորդավարը Բենտանկուրից Սոնի շապիկ էր խնդրում։ Սրան ի պատասխան ուրուգվայցի ֆուտբոլիստը պատասխանել է.
«Սա կարող է լինել Սոնիի զարմիկի շապիկը։ Նրանք բոլորը նույն տեսքն ունեն»:
Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ Բենտանկուրին մեղադրել են լրատվամիջոցների հետ խոսելիս ոչ պատշաճ պահվածքի համար, քանի որ նա վիրավորական, խտրական արտահայտություններ է կիրառել:
Կիսապաշտպանը մինչև սեպտեմբերի 19-ը պետք է պատասխանի մեղադրանքներին։