Բրազիլիայի հավաքականը շարունակում է անհաջող ելույթները 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Այս անգամ Դորիվալ Ժունիորի թիմն արտագնա խաղում պարտվեց Պարագվային (0:1): Սա Բրազիլիայի չորրորդ պարտությունն է վերջին հինգ խաղերում։ Այժմ թիմը մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է՝ հետ մնալով առաջատարից ութ միավորով։ Ի՞նչ են գրում ԶԼՄ-ները հնգակի աշխարհի չեմպիոնների հերթական ձախողման մասին:
UOL (Բրազիլիա)
«Վինիսիուսը հիանալի ֆուտբոլիստ է։ Բայց միայն այն ժամանակ, երբ խաղում է «Ռեալում»: Այսքանը։ Մենք մեզ ուրախացնում ենք նրանով, որ Բրազիլիայի հավաքականում աստղային ֆուտբոլիստներ կան։ Նրանք հիանալի են խաղում ակումբներում, բայց դեռ ոչ ոք նրանցից չի դարձել իրական առաջնորդ հավաքականում։ Նման զգացողություն է, որ երբ ֆուտբոլիստները հագնում են Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկը, ինչ-որ անեծքի են ենթարկվում։ Ազգային թիմում նրանք խաղում են շատ ավելի վատ։ Այժմ Բրազիլիայի հավաքականը ընդհանրապես չի հիշեցնում հնգակի աշխարհի չեմպիոններին։
Թիմը խաղում է առանց ստեղծագործ մտքի, նրան պակասում է ագրեսիվությունը հարձակման գծում, ինչպես նաև չկա ինտենսիվություն։ Կա՞ ինչ-որ մեկը, ով դրական բան է տեսնում այսօրվա Բրազիլիայի հավաքականի խաղում։ Երկու ամիս առաջ թիմը խղճուկ ելույթ ունեցավ Ամերիկայի Գավաթում։ Վստահություն ունե՞ք, որ մենք այս խաղով կհասնենք 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Նման ֆուտբոլ դիտելը հոգնեցուցիչ է։ Դորիվալի ֆուտբոլը երկրպագուների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է։ Իսկ մենք հիմարներ չենք»:
Globo (Բրազիլիա)
«Թիմը տիրում էր գնդակին, բայց չգիտեր, թե ինչ անել դրա հետ։ Ակնհայտորեն պակասում էին խելացի հարվածներն ու կոմբինացիաները։ Արագություն, ինտենսիվություն, ուղղահայացություն. այս ամենը չկար խաղադաշտում։ Պարագվայը հաճույքով զիջեց գնդակը, որովհետև գիտեր, թե ինչպես պետք է խաղալ պաշտպանությունում։ Ընտրական փուլում նա ընդամենը երեք գնդակ է բաց թողել։ Դժվար է գտնել որևէ բացատրություն Բրազիլիայի հավաքականի վատ խաղին»։