«Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլիի տեղափոխությունը «Լիվերպուլ» կարող է խափանվել, գրում է Marca-ն։
Իսպանական ակումբի սեփականատեր Պետեր Լիմը 23-ամյա վրացու համար նվազագույնը 40 միլիոն եվրո է ցանկանում ստանալ, սակայն «Լիվերպուլը» համապատասխան առաջարկ չի անում: Կողմերի միջև «սառը պատերազմ» է սկսվել, որը կարող է խափանել բոլոր բանակցությունները։ Այժմ ֆուտբոլիստի տեղափոխության գործընթացն ամենալարված փուլում է, ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք մերսիսայդցիները կհամաձայնվե՞ն 40 միլիոն եվրոյին։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Լիվերպուլը» պայմանագիր կկնքի Մամարդաշվիլիի հետ և անմիջապես վարձակալությամբ է տալու «Բորնմութին»: Շաբաթ օրը՝ օգոստոսի 17-ին, դարպասապահը մասնակցել է «Բարսելոնայի» հետ հանդիպմանը, ինչը կարող է վկայել, որ ակումբների միջև բանակցություններն ավելի են բարդացել։
Մամարդաշվիլիի պայմանագիրն իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Անցած մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 32 հանդիպում, որոնցից 12-ում անառիկ է պահել դարպասը, իսկ մնացածում բաց է թողել 34 գոլ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: