«Փյունիկի» գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին Sport Express-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է երևանյան թիմը գլխավորելու, հավաքականում ստեղծված իրավիճակի ու Իտալիայից կրած 1-9 հաշվով պարտության, ինչպես նաև Խոակին Կապառոսի կողմից ստացած առաջարկի մասին.
-Ձեզ ո՞վ հրավիրեց «Փյունիկ»:
-Արթուր Սողոմոնյանը՝ ակումբի սեփականատերը: Տարխանովն այդ ժամանակ արդեն ակումբի փոխնախագահի պաշտոնն էր զբաղեցնում:
-Pro արտոնագիր ունե՞ք:
-Ոչ: Միայն A և դարպասապահների: Pro արտոնագրի դասընթացները, հուսով եմ, կմեկնարկեմ ամռանը: Ճիշտ է՝ դեռ չեմ որոշել որտեղ՝ Երևանո՞ւմ, թե՞ Մոսկվայում:
-Ձմռանը թիմը հնչեղ ձեռքբերումներ ունեցե՞լ է:
-Ոչ: Թերևս, «Փյունիկի» ամենահայտնի ֆուտբոլիստն Արաս Օզբիլիսն է, որը խաղացել է «Այաքսում», «Կուբանում» և «Սպարտակում»: Երկու անգամ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել, ենթարկվել է ծանրագույն վիրահատությունների: Բայց հիմա մարզավիճակ է հավաքել ու «Նոայի» հետ վերջին խաղում երկու գոլ է գրանցել իր ակտիվում: Ցավոք, մենք 2-4 հաշվով պարտվեցինք ու զրկվեցինք 6-յակում հայտնվելու շանսերից: Առհասարակ, Հայաստանի առաջնությունը տարօրինակ սխեմայով է անցկացվում:

-Ի՞նչն է տարօրինակ:
-Մրցաշարային աղյուսակի խտությունն անհավանական է. առաջատարի և աութսայդերի միջև միավորների տարբերությունը մեծ չէ: Խաղամակարդակի և ֆուտբոլիստների ընտրության հարցում բոլոր թիմերը հավասար են: Բացառություն է «Գանձասար-Կապանը», որը նախավերջին՝ 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Իսկ 10-րդ տեղում գտնվող «Երևանը» մրցաշրջանի ընթացքում լքեց առաջնությունը:
-Ֆինանսակա՞ն խնդիրների պատճառով:
-Այո: Եվ հետո իմաստը ո՞րն է նման իրավիճակում լիգան երկու ենթախմբի բաժանելը: Առաջին 6-յակը շարունակում է պայքարը մեդալների համար, իսկ ներկայիս իրավիճակում ո՞րն է լինելու «Փյունիկի» և մյուս երկու թիմերի մոտիվացիան: «Երևանն» արդեն դուրս է մնացել: Մեզ համար մնացած խաղերն արդեն ընկերականի բնույթ են կրելու:
-Նոյեմբերին Հայաստանի հավաքականը 1-9 հաշվով պարտվեց Իտալիային: Մինչ այդ 1-1 էր խաղացել Լիխտենշտեյնի հետ, 0-1 հաշվով էլ զիջել էր Ջիբրալթարին: Մի՞թե հայկական ֆուտբոլում ամեն ինչ այսքան տխուր է:
-Հավաքականի խաղը 70%-ով կախված է Հենրիխ Մխիթարյանից: Երբ նա դաշտում է, բոլորին այլ թիմ ենք տեսնում: Բայց նա արդեն 31 տարեկան է: Իսկ երիտասարդ ֆուտբոլիստներից և ոչ մեկն անգամ մոտ չէ Հենրիխի մակարդակին:
-Դուք երբևէ 9 գոլ բաց թողե՞լ էիք մեկ խաղի ընթացքում:
-Երբեք: Առավելագույնը՝ 5: «Դինամոյում»՝ «Զենիթից», իսկ հավաքականում՝ գերմանացիներից: Արամ Հայրապետյանին, որը պաշտպանում էր մերոնց դարպասը Իտալիայի հետ խաղում, իհարկե չես նախանձի: Բայց նա փորձառու տղա է, 33 տարեկան է, կարողանում է հարված պահել: Ի դեպ, հունվարին պայմանագիր է կնքել իրանական թիմերից մեկի հետո:
-Իսկ մինչ այդ որտե՞ղ էր:
-«Ուրարտուում»:
-Տեղափոխությունից գումարներ աշխատե՞ց:
-Հավանաբար:

-Մարտի 10-ից Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի՝ իսպանացի Խոակին Կապառոսը: Շփվե՞լ եք նրա հետ:
-Այո: Նա ինձ առաջարկել է ընդգրկվել իր մարզչական շտաբում:
-Որպես դարպասապահների մարզի՞չ:
-Որպես օգնականներից մեկը: Չգիտեմ՝ ամեն ինչ հետագայում ինչպես կդասավորվի, բայց սկզբնական շրջանում դարպասապահների հետ աշխատանքն առաջվա պես կմտնի իմ պարտականությունների մեջ: Դա ինձ չի մտահոգում: Եթե պետք է, ուրեմն պետք է: Հավաքականին պատրաստ եմ օգնել ցանկացած կարգավիճակում: