Իսպանական Լա լիգայի 2024/25 մրցաշրջանը կմեկնարկի արդեն այս շաբաթ՝ օգոստոսի 15-ին։ Առաջնությանը կմասնակցի 20 ակումբ։
Սեգունդայի նախորդ մրցաշրջանի արդյունքներով երեք թիմ նվաճել է Լա լիգայի ուղեգիր։
Նախորդ մրցաշրջանում իսպանական Սեգունդայի հաղթող դարձավ «Լեգանեսը»։ Համանուն քաղաքը ներկայացնող ակումբը 4-րդ անգամ հանդես կգա էլիտայում։ Ակումբն ամենափոքր մարզադաշտերից մեկն ունի Լա լիգայի ներկայացուցիչների շրջանում․ այն կարող է ընդունել 12 454 հանդիսական։ Թիմի բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքով «Լեգանեսը» 20-րդն է լիգայում (մոտ 34 մլն եվրո)։
Գլխավոր մարզիչը՝ Բորխա Խիմենես (Իսպանիա)
Սեգունդայում երկրորդ տեղը զբաղեցրեց և Լա լիգա վերադարձավ «Վալյադոլիդը», որի սեփականատերը բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն է։ Ավելի վաղ հաճախ էին լուրեր շրջանառվում, որ Ռոնալդոն ցանկանում է վաճառել ակումբը, սակայն, ըստ իսպանական ԶԼՄ-ների ամենավերջին տեղեկությունների, բրազիլացին մտափոխվել է և կշարունակի իր գործունեությունը իսպանական ակումբում։ Ակումբի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռոնալդոն կշարունակի մնալ ակումբի նախագահն ու սեփականատերը։ Ավելին, բրազիլացին լրացուցիչ միջոցներ կներդնի աշխատավարձի շեմը բարձրացնելու և նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար:
«Վալյադոլիդն» իր պատմության մեջ երկու անգամ կարողացել է դուրս գալ Իսպանիայի գավաթի եզրափակիչ, մեկ անգամ հաղթել է Լիգայի գավաթը։ Ակումբն իր 96-ամյա պատմության ընթացքում 41-րդ մրցաշրջանը կանցկացնի Լա լիգայում։
Գլխավոր մարզիչը՝ Պաոլո Պեսոլանո (Ուրուգվայ)
«Էսպանյոլը» սեփական հարկի տակ հաղթեց «Ռեալ Օվիեդոյին» Լա Լիգայի վերջին ուղեգրի համար փլեյ-օֆֆի եզրափակչի պատասխան խաղում: Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով: Առաջին հանդիպումն ավարտվել էր կատալոնացիների պարտությամբ՝ 0-1: «Էսպանյոլը» վերադարձավ Լա Լիգա։
Կատալոնական ակումբը, Լա լիգայի մյուս նորեկների համեմատ, բավականին լուրջ հաջողությունների է հասել իր պատմության ընթացքում։ Ակումբը , որն ունի 123 տարվա պատմություն, 4 անգամ դարձել է Իսպանիայի գավաթի հաղթող, 7 անգամ մասնակցել ՈՒԵՖԱ-ի գավաթի մրցաշարին, ընդ որում՝ երկու անգամ հասել է եզրափակիչ։ «Էսպանյոլը» 88-րդ մրցաշրջանը կանցկացնի Իսպանիայի բարձրագույն լիգայում։
Գլխավոր մարզիչը՝ Մանոլո Գոնսալես (Իսպանիա)
Կարդացեք նաև՝
Թոփ-5 լիգաների նորեկները․ Լիգա 1
Թոփ-5 լիգաների նորեկները․ Բունդեսլիգա