Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղում «Նոան» սեփական հարկի խոշոր հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսին»։ Հանդիպումն ավարտվեց Ռուի Մոտայի թիմի հաղթանակով՝ 7-0 հաշվով։
Երևանյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացեց Վիրջիլ Պինսոնը, որին հետևեցին Գոնսալո Գրեգորիոյի հեթ-տրիկը և Էրալդո Չինարիի դուբլը, իսկ հանդիպման վերջակետը դրեց Հելդեր Ֆերեյրան՝ 7-0։ Գոլերը խփվեցին համապատասխանաբար խաղի 19-րդ, 28-րդ, 31-րդ, 58-րդ, 71-րդ, 72-րդ և 90-րդ րոպեներին։
Գրեգորիոն այս պահին կիսում է առաջին տեղը Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի որակավորման փուլի ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում` գոլ+գոլային փոխանցում համակարգով։
Պորտուգալացին արդեն 4 գոլ է խփել մրցաշարում և այդ ցուցանիշով զիջում է միայն «Ստյարնանի» իսլանդացի հարձակվող Էմիլ Ատլասոնին, որը 5 գոլ ունի իր ակտիվում։ Բայց Գոնսալոն նաև մեկ գոլային փոխանցում է կատարել, և գոլ+գոլային փոխանցում համակարգով Ատլասոնի հետ գլխավորում է մրցաշարի ամենաարդունավետ ֆուտբոլիստների վարկանիշը։ Նշենք, որ այս ցուցանիշով լավագույն քսանյակում են նաև «Ուրարտուի» երկու ներկայացուցիչները՝ Միքայել Միրզոյանն ու Էդգար Մովսեսյանը, ինչպես նաև «Նոայի» ևս երեք ֆուտբոլիստ՝ Ալեքսանդեր Միլկովիչը ու Վիրջիլ Պինսոնը (2 գոլ+1 գոլային փոխանցում), նաև Հելդեր Ֆերեյրան (1 գոլ+2 գոլային փոխանցում)։
Գոնսալո Գրեգորիոն նաև դարձավ հայկական ակումբներում եվրագավաթներում հեթ-տրիկ գրանցած 3-րդ ֆուտբոլիստը, այդ մասին հայտնում է ՀՊԼ մամուլի ծառայությունը։ Նախկինում դա հաջողվել էր «Շիրակից» Ֆոֆանա Բեկոյին (2013թ., «Տրե Պենե» Սան Մարինո) և «Ալաշկերտի» հարձակվող Ագդոն Մենեզեսին (2023թ., «Արսենալ Տիվատ» Չեռնոգորիա):