Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղում «Նոան» սեփական հարկի խոշոր հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող «Սլիմա Ուոնդերերսին»։ Հանդիպումն ավարտվեց Ռուի Մոտայի թիմի հաղթանակով՝ 7-0 հաշվով։
«Շատ ուրախ եմ իմ թիմի ցուցադրած խաղով։ Կարծում եմ՝ մեր ֆուտբոլիստները շատ լուրջ էին տրամադրված։ Գիտեինք, որ պետք է մեծ ճնշում գորշադրեինք, քանի որ մրցակիցը շատ է պաշտպանվելու։ Ուրախ եմ նաև, թե ինչպես էր թիմը շարունակում գնալ հաջորդ գոլի հետևից։ Սա հենց այն մտածելակերպն է, որը ես ցանկանում եմ։ Մենք լավ խաղ անցկացրեցինք, հենց այսպես եմ ցանկանում շարունակել։
Գիտեմ, որ մրցակցի մարզչի համար բարդ իրավիճակ է։ Ցանկանում եմ իմ աջակցությունը հայտնել նրան։
Ուրախ ենք, որ ռեկորդներ ենք գրանցում ու պատմություն կերտում։ Հենց սրա համար ենք մենք ամեն օր աշխատում, որպեսզի հասնենք մեր նպատակներին, բայց ամենակարևորն այն է, որ հաղթեցինք։
Կարծում եմ՝ հաջորդ փուլ անցնելու լավ հնարավորություն ունենք։»,- ասել է Ռուի Մոտան հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։
Նախկինում հաղթական հանդիպումներում գոլերի նման տարբերություն գրանցել էին Պրահայի «Սլավիան», նիդեռլանդական «Ալկմարը» և լատվիական «Վալմերիան»։ Բոլոր թիմերն էլ 7-0 հաշվով հաղթել էին իրենց մրցակիցներին, և ինչպես հայկական ակումբը, այդպիսի արդյունք գրանցել էին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում:
Նշենք, որ այս հաղթանակն ամենախոշորն է նաև հայկական ակումբային պատմության մեջ եվրագավաթային հանդիպումներում։
Երևանյան թիմի կազմում հանդիպման հաշիվը բացեց Վիրջիլ Պինսոնը, որին հետևեցին Գոնսալո Գրեգորիոյի հեթ-տրիկը և Էրալդո Չինարիի դուբլը, իսկ հանդիպման վերջակետը դրեց Հելդեր Ֆերեյրան՝ 7-0։ Գոլերը խփվեցին համապատասխանաբար խաղի 19-րդ, 28-րդ, 31-րդ, 58-րդ, 71-րդ, 72-րդ և 90-րդ րոպեներին։