Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Չիկի Տապիան ասել է, որ AFA-ն պաշտոնական բողոք է ներկայացրել ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտե՝ կապված 2024 թվականի Օլիմպիական խաղերի Մարոկկոյի հետ ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրի վիճահարույց խաղի հետ (1։2)։
«Ցավալի է այն, ինչին մենք՝ արգենտինացիներս, ստիպված եղանք դիմանալ այսօր Սենտ Էթյենում: Մենք գրեթե երկու ժամ սպասեցինք հանդերձարանում, և մեր խաղացողները ստիպված եղան նորից դուրս գալ խաղադաշտ, որպեսզի տաքանային և շարունակեին հանդիպումը, որը մրցավարը պետք է ընդհատեր մարոկկացի հանդիսատեսի խաղադաշտ ներխուժելուց և բռնություններից հետո: Սա իրականում անիմաստ էր և հակասում էր մրցույթի կանոններին։
Ավելին, չլսվեցին երկու թիմերի ավագների տեսակետները, ովքեր կարծում էին, որ խաղը չպետք է վերսկսվեր։ Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից մենք արդեն բողոք ենք ներկայացրել ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտե, որպեսզի համապատասխան կանոնակարգային միջոցներ ձեռնարկվեն և պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության»,- Չիկա Տապիայի խոսքերն է մեջբերում Mundo Albiceleste-ն: