Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Էնդրիկի շնորհանդեսը «Արքայական» ակումբի կազմում մեկ օրով հետաձգվել է, հայտնում է Onda Cero-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 17-ամյա բրազիլացին երկրպագուներին կներկայացվի հուլիսի 27-ին, այլ ոչ թե 26-ին, ինչպես նախապես նախատեսված էր։ Հետաձգման պատճառները չեն նշվում։
Էնդրիկը այս ձմռանը պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։ Բրազիլացին մադրիդյան ակումբ կտեղափոխվի 45 միլիոն եվրոյի դիմաց: Transfermarkt-ը 17-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 17-ամյա հարձակվողը «Պալմեյրասի» հիմնական թիմի կազմում անցկացրել է 80 հանդիպում, խփել 21 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը ճանաչվել է Բրազիլիայի առաջնության լավագույն խաղացող։