Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը ներողություն է խնդրել Ֆրանսիայի հավաքականին վիրավորելու համար։
«Ցանկանում եմ անկեղծ ներողություն խնդրել ազգային հավաքականի տոնակատարության ժամանակ իմ սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութի համար։ Երգը չափազանց վիրավորական խոսք է պարունակում, և այս խոսքերը բացարձակապես արդարացում չունեն։ Ես դեմ եմ ռասիզմի ցանկացած դրսևորման և ներողություն եմ խնդրում իմ արածի համար։ Դա տեղի ունեցավ Ամերիկայի գավաթը նվաճելուց առաջացած էյֆորիայի ազդեցության տակ։ Այս տեսանյութը, այս պահը, այս խոսքերը չեն արտացոլում իմ համոզմունքները կամ իմ բնավորությունը։ Ես իսկապես ցավում եմ», — գրել է Ֆերնանդեսը սոցիալական ցանցերից մեկում:
Վիրավորական երգը Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները կատարել են 2024 թվականի Ամերիկայի գավաթի եզրափակչում Կոլումբիայի հետ հաղթանակից հետո (1:0): Տոնելով չեմպիոնությունը՝ Էնցոն ուղիղ հեռարձակում է սկսել սոցցանցում, որտեղ նա և իր թիմակիցները երգել են. «Նրանք խաղում են Ֆրանսիայի համար, բայց նրանք բոլորն Անգոլայից են»:
Հաղորդվում է նաև, որ Լոնդոնի «Չելսին» հետաքննություն է սկսել սկանդալային տեսանյութից հետո: Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը մտահոգված է այս իրավիճակով, քանի որ «արիստոկրատների» կազմում խաղում են ֆրանսիացի 7 ֆուտբոլիստներ։
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖՖՖ) մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն դժգոհ է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների պահվածքից, և որ ՖՖՖ-ն համապատասխան բողոք կներկայացնի ՖԻՖԱ-ին։