Մյունխենի «Բավարիայի» և «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, այժմ «Չիկագո Ֆայրի» խաղացող Ջերդան Շաքիրին ավարտել է կարիերան Շվեյցարիայի հավաքականում։ Այս մասին եզրային հարձակվողը հայտնել է սոցիալական ցանցերում։
«Յոթ մրցաշար, շատ գոլեր, 14 տարի Շվեյցարիայի հավաքականում և անմոռանալի պահեր։ Ժամանակն է հրաժեշտ տալ թիմին։ Ես հիանալի հիշողություններ կունենամ և բոլորիդ ասում եմ՝ շնորհակալություն»,- գրել է ֆուտբոլիստը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Շաքիրին, գոլի հեղինակ դառնալով Եվրո-2024-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Շոտլանդիայի հետ խաղում, դարձել է այն յոթ խաղացողներից մեկը, որոնք առնվազն հինգ գոլ են խփել Եվրոպայի առաջնությունում և աշխարհի առաջնությունում։ Ջերդանն ազգային հավաքականում սկսել է խաղալ 2010 թվականից։ 32-ամյա եզրային հարձակվողը «Չիկագո Ֆայրում» հանդես է գալիս 2022 թվականից։