Կորոնավիրուսի համաճարակը կանգնեցրել է համաշխարհային սպորտի զարկերակը: Սպորտային գրեթե բոլոր մրցաշարերը դադարեցված են: Բացառություն է կազմում միայն Բելառուսի ֆուտբոլի առաջնությունը, որը երկրպագուների շրջանում մեծ հետաքրքրություն չի առաջացնում:
Եթե չենք կարող դիտել մեր սիրելի մարզիկների խաղը, ուրեմն ինքներս պետք է վերածվենք սպորտային աստղերի: Սակայն, դա անհրաժեշտ է անել տանը: Չգիտեք, թե ինչպե՞ս. հիմա կպատմենք:
Կարանտինի օրերին շատերն են դիմում տարբեր վիրտուալ խաղերի օգնությանը, ժամանակն ավելի զվարճալի կերպով անցկացնելու համար։ Սպորտի սիրահարները նույնպես նախընտրում են համակարգչով խաղեր խաղալ։ Իհարկե, իսկական բակային ֆուտբոլին կամ բասկետբոլին ոչինչ չի կարող փոխարինել, բայց առողջությունն ավելի թանկ է։ Եվ այսպես, 10 սպորտային համակարգչային խաղեր՝ ձանձրույթը ցրելու ու մի լավ զվարճանալու համար։
1․ Madden NFL 2019

Ամերիկյան ֆուտբոլը Հայաստանում մեծ մասսայականություն չի վայելում, սակայն դրա համակարգչային տարբերակն անտարբեր չի թողնի ոչ մեկին։ Հզոր գրաֆիկա, հետաքրքիր ձայնային ձևավորում։ Այս սիմուլյատորը լավագույնն է ճանաչվել ամերիկյան ֆուտբոլի խաղերի շարքում:
2․ Football manager 2019

Սա սպորտային սիմուլյատորների մեջ ամենաբարդ խաղն է։ Իհարկե Դուք այստեղ վառ դեմքերի ու խաղային գրաֆիկայի չեք հանդիպի, սակայն եթե միշտ հետաքրքրվել եք, թե ինչպե՞ս են աշխատում ֆուտբոլային ակումբները, ինչպե՞ս են ձևավորվում տրանսֆերներն ու որո՞նք են ֆուտբոլային ակումբի նախագահի պարտականությունները, այս խաղը հենց Ձեզ համար է։ Ստեղծեք Ձեր ակումբն ու այն դարձրեք աշխարհի չեմպիոն:
3․ F1 2018

Ֆորմուլա 1-ի երկրպագուներն օր օրի ավելի են շատանում։ Ու ընդհանրապես, եթե նույնիսկ չեք սիրում այս սպորտաձևը, համակարգչային մրցավազքերը միշտ էլ մեծ պահանջարկ են ունեցել։ Հիանալի գրաֆիկա, պրոֆեսիոնալ պատկեր, գրեթե ֆոտոռեալիստիկ տեսարաններ։ Տպավորություն է, որ իսկական ավտոդրոմում ես գտնվում։ Մի խոսքով գերագույն հաճույք, փորձել հաստատ արժե։
4․ MLB 19 The Show

Հազիվ թե ձեզնից շատերը երբևէ բեյսբոլ խաղացած լինեն, կամ թեկուզ հետևեն դրա առաջնություններին հեռուստացույցով։ Հայաստանում այս սպորտաձևի մասին միայն գիտեն ու վերջ։ Սակայն, այս խաղը մեծ պահանջարկ է վայելում հատկապես ԱՄՆ-ում։ Պրոֆեսիոնալ ծրագրավորման ու գերազանց գրաֆիկայի շնորհիվ այս խաղը դարձել է շատերի սիրելին, անգամ եթե բեյսբոլով չեն հետաքրքրվում։
5․ NBA 2K20

Բասկետբոլի ու NBA-ի մասին պատմել հաստատ պետք չէ։ Այս խաղում ընդգրկված են բոլոր հայտնի ակումբներն ու խաղացողները։ Պարզապես պետք է հաշվի առնել, որ այն չափազանց բարդ է խաղալ PC-ով։ Կառավարումը շատ բարդ է։
6․PES 2019

Սա շատերի համար լավագույն ֆուտբոլային սիմուլյատորն է։ Հայաստանում արդեն երկար տարիներ այս խաղը մեծ մասսայականություն է վայելում։ Անգամ, եթե ֆուտբոլի սիրահար չեք, այս խաղը ձեզ հաստատ անտարբեր չի թողնի։
7․UFC 3

MMA սպորտաձևն օր օրի ավելի շատ երկրպագուներ է հավաքում ամբողջ աշխարհում։ Ծրագրավորողները ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի խաղն առավելագույնս մոտեցնեն իրականությանը։ Այստեղ ավելացել են վերջույթների առողջության ցուցիչն ու դիմադրողունակությունը։ Գրեթե բոլոր պերսոնաժների տեխնիկան մեկին մեկ համապատասխանում է իրական նախատիպերին։ Մի խոսքով, եթե համակարգչային մենամարտերի սիրահար եք ՝ վայելեք։
8․WWE 2K 19

Ռեսլինգն իր առանձնահատկությունների պատճառով ամենապոպուլյար սպորտը չէ։ Սակայն նույնը չես ասի դրա համակարգչային տարբերակի մասին։ Հնարքների գրեթե անսահամանափակ բազան ու վառ պերսոնաժները անտարբեր չեն թողնի ոչ մեկին:
9․ NHL 2019

Եթե սիրում եք հոկեյ, ապա այս խաղը լավագույն տարբերակն է։ Հզոր համակարգչային գրաֆիկա ու գրավիչ տեսարաններ։ Այն հաճելի է խաղալ և՛ միայնակ, և՛ խմբերով։
10․ FIFA 20

Անկախ այն հանգամանքից, որ այս խաղը քննադատեցին գրեթե բոլոր մասնագետներն ու պրոֆեսիոնալ խաղացողները, այն շարունակում է մնալ լավագույնը ֆուտբոլային սիմուլյատորների մեջ։ Խաղալիս գրեթե նույն զգացողնություններն ես ունենում, ինչ իրական առաջնությունը դիտելիս։ Համակարգչային գրաֆիկան ու ընդհանուր տեսարաններն ուղղակի անկրկնելի են։
Այս ամենից հետո դուք դեռ ուզու՞մ եք տնից դուրս գալ….
Աղվան Ասոյան