«Փարիզ — 2024»-ի կազմկոմիտեն, միջազգային օլիմպիական կոմիտեն և մարզական ֆեդերացիաները նշում են, որ արժեքավոր դասեր են քաղել Տոկիոյի ամառային մարզահանդեսից:
Բանն այն է, որ առաջիկա խաղերում, առաջին անգամ, մարզիկները հնարավորություն կունենան օգտվելու «մտածողության և հանգստի գոտու» ծառայություններից: Այն կգործի օլիմպիական ավանում:
Տոկիոյի խաղերում ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնե Բայլսը բարձրաձայնել է մարզիկների հոգեվիճակի մասին: Նա այդ պատճառով որոշ մրցաձևերում հանդես չի եկել:
Օլիմպիական գյուղը կունենա նաև ոչ ալկոհոլային բար և հանրային տարածքներ, որտեղ մարզիկները կարող են հանգստանալ: Հասանելի կլինի նաև հոգեկան հիգիենայի պահպանման վերաբերյալ 70 լեզուներով հրատարակված ուղեցույցը:
Նշվում է, որ մարզիկները ավելի խոցելի են այնպիսի իրավիճակներում, ինչպիսիք են տագնապային խանգարումները կամ դեպրեսիան՝ հաշվի առնելով իրենց ծանրաբեռնված առօրյան, ինտենսիվ ճնշումը, որին նրանք բախվում են մրցումների ընթացքում:
ՄՕԿ-ը աշխատանքներ կծավալի Signify.ai լոնդոնյան ընկերության հետ՝ խաղերի ընթացքում սպասվող վիրավորական հաղորդագրությունները բացահայտելու և վերացնելու համար:
Ցանկացած բան, որը կխախտի քրեական օրենսգիրքը, կհանձնվի իրավապահ մարմիններին: Ծառայությունը կտարածվի օլիմպիական խաղերին մասնակցող բոլոր 15 000 մարզիկ — մարզուհիների վրա: