Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խոսել է ՊՍԺ-ի և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի խաղի մասին Եվրոպայի 2024 թվականի առաջնության 1-ին տուրի՝ Խորվաթիայի նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակից հետո: Իսպանացիները հաղթել են 3։0 հաշվով, իսկ Ռուիսը դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով նաև խաղի լավագույն ֆուտբոլիստ։
«Եթե Ֆաբիանին այլ կերպ նկատեին, բոլորն անընդհատ կխոսեին, թե որքան ուժեղ է նա։ Հավատացեք, նա չափազանց թերագնահատված է»,- ասել է Դե լա Ֆուենտեն հետխաղյա մամուլի ասուլիսում։
Ֆաբիան Ռուիսն Իսպանիայի հավաքականում հանդես է գալիս 2019 թվականից։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը թիմի կազմում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի և ինը գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո:
Նշենք, որ Իսպանիայի ու Խորվաթիայի հետ միևնույն խմբում են նաև Իտալիան և Ալբանիան։ 1-ին տուրի հանդիպումների արդյունքներով առաջին տեղում Իսպանիան է, երկրորդում՝ Իտալիան։ Ալբանիան և Խորվաթիան, որոնք պարտվել են առաջին խաղերում, զբաղեցնում են համապատասխանաբար երրորդ և չորրորդ տեղերը։