ԵՎՐՈ 2024-ի մեկնարկը տրված է։ 6 խումբ, 24 հավաքական ու մեկ գավաթ, որը բաժին կհասնի «հին աշխարհամասի» ամենաուժեղ ընտրանուն։ Նախորդ մրցաշարի հաղթողն Իտալիայի ընտրանին է, որը փորձելու է ամեն գնով կրկնել իր հաջողությունը։ Առաջնության պատմության մեջ միայն մեկ հավաքականի է հաջողվել երկու անգամ անընդմեջ դառնալ Եվրոպայի չեմպիոն. 2008-ին Իսպանիան՝ Ինյակի Սաեսի գլխավորությամբ, նվաճեց գավաթը, այնուհետև, 4 տարի անց՝ արդեն Վիսենտե դել Բոսկեի գլխավորությամբ կրկնեց իր հաջողությունը։
Այսպիսի թվեր, վիճակագրություններ ու ինտրիգներ շատ կան։ Առաջիկա օրերի ընթացքում ArmSport-ը ձեր դատին է հանձնելու Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության բոլոր մասնակիցներին, գլխավոր մարզիչներին, գլխավոր աստղերին և այլ հետաքրքիր փաստեր ու փաստարկներ։
A խմբին արդեն ծանոթացրել ենք այստեղ, B խմբին`այստեղ, C խմբին՝ այստեղ:
Այսօր ներկայացնում ենք D խմբի ներկայացուցիչներին։
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
Նիդերլանդների հավաքականը մի քիչ ավելի շատ ջանք գործադրեց եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու համար։ Ամեն ինչ վճռվեց վերջին տուրում, երբ Վեգորստի գոլը հաղթանակ պարգևեց թիմին՝ Իռլանդիայի հետ խաղում: Ընտրական փուլում Նիդերլանդները 2 անգամ պարտվեց ֆրանսիացիներին (1:2 և 0:4), բայց հաղթեց բոլոր մյուս խաղերում։
ԻՆՉՈ՞Ւ ԵՐԿՐՊԱԳԵԼ
- Հոլանդացիները հաղթահարեցին ճգնաժամը և կրկին վերածվում են բարձրակարգ հավաքականի։
- Հիշում եք, չէ՞՝ ինչպես Նիդերլանդները տուգանայինից գոլ խփեց Արգենտինային։ Ճաշակ է, որի համար կարելի է առնվազն համակրել։
- Պարզապես պատկերացրեք. Ռոնալդ Կումանը լքում է «Բարսելոնան» Լա Լիգայում 9-րդ տեղով, իսկ 2,5 տարի անց՝ նվաճում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ
Վերբրյուգեն — Դե Լիխտ, վան Դեյկ, Ակե — Դյումֆրիս, Վեյնալդում, Զիրկե, Բլինդ — Սիմոնս, Գակպո — Դեպայ
Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Է ԹԻՄՈՒՄ
Հաջող որակավորումից հետո նրանք հաղթեցին Շոտլանդիային (4:0) և պարտվեցին գերմանացիներին (1:2) ընկերական խաղերում։ Հոգեբանական տեսանկյունից կարգին է։ Հրաշալի է հատկապես պաշտպանությունը՝ Մատեյս դե Լիխտ, Վիրջիլ վան Դեյկ, Նաթան Ակե, Ժերեմի Ֆրիմպոնգ…պաշտպանություն չէ՝ մուրազ է։ Բայց կա խնդիր։ Եվրոյի մեկնարկից բառացիորեն մի քանի օր առաջ վնասվածքի պատճառով թիմից դուրս մնացին Ֆրենկի դե Յոնգը և Տեոն Կոպմայներսը։
ԽԱՂԱՈՃԸ
Հոլանդացիներն այնքան էլ ակտիվ չեն պրեսինգ կիրառում։ Նրանք սիրում են հարմարվել մրցակցին և ինքնուրույն չխաղալ: «Օրանյեի» ամբողջ ներուժը կենտրոնացած է եզրերում՝ Դենզել Դյումֆրիս, Խավի Սիմոնս, Կոդի Գակպո։ Նրանք ստեղծագործողներ են՝ անհավանական արագությամբ:
ՄԱՐԶԻՉԸ
Ռոնալդ Կումանին հաճախ են քննադատում. 2023 թվականի ամռանը Հոլանդիայի հավաքական վերադառնալուց հետո 4 խաղում 3 պարտություն է կրել։ Իսկ, օրինակ, Լուի վան Գալը 63 խաղում ունեցել է 6 պարտություն։ Անհամեմատելի է, բայց ընտրական ցիկլն անցավ հանգիստ՝ եթե մոռանանք մեկնարկում ֆրանսիացիներից կրած պարտության մասին։ Կումանն առաջին անգամը չէ հավաքականում. նա 2018-ից 2020 թվականներին մարզել է հարազատ հավաքականն ու մեկնել«Բարսա»։ Այդ ընթացքում նա վատ չաշխատեց ազգային թիմում՝ հասավ նախորդ ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլ և Ազգերի լիգայի եզրափակիչ, որտեղ պարտվեց Պորտուգալիային (0:1):
ՓԱՍՏ
Վնասվածք ստացած Տեոն Կոպմայներսին փոխարինելու է Ջոշուա Զիրկեն՝ «Բոլոնիայից»։ Ընդ որում, երբ նա ստացավ հեռախոսազանգն ու հրավերը հավաքական, գտնվում էր Ֆլորիդայի Դիսնեյլենդում։ Բայց ի՞նչ արած։ Հավաքականը կարևոր է։ Զիրկեն թողեց հանգիստն ու միացավ իր թիմակիցներին։ Այս պատմությունն այնքան է տպավորել Դիսնեյի հոլանդական սոցցանցերին, որ նրանք Ջոշուային հրավիրել են այցելելու Փարիզի Դիսնեյլենդ Եվրոյից հետո:
ԱՌԱՋԱՏԱՐԸ
Պաշտպանությունում կան մի շարք բարձրակարգ խաղացողներ, կա Վեյնալդումը, առանձնացնենք երիտասարդ Խավի Սիմոնսին. նա հիանալի մրցաշրջան անցկացրեց Բունդեսլիգայում (8+11՝ 32 խաղում)։ Հոլանդացի հարձակվողներն են միայն Մեմֆիս Դեպայը, Վուդ Վեգհորստը և Բրայան Բրոբբին։ Նրանցից ոչ մեկն այսօր չունի այն նույն աստղային կարգավիճակը, ինչ Սիմոնսը։ Այո, վերջինս դեռ այնքան էլ չի փայլում հավաքականում, բայց Կումանը հավատում է նրան։ Մենք էլ․․.:
ՖՐԱՆՍԻԱ
Ֆրանսիան ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլ մտավ դեռևս 2023 թվականի հոկտեմբերին, երբ որակավորման 6-րդ փուլում հաղթեց հոլանդացիներին։ Ընտրական փուլում թիմը սայթաքեց միայն հույների հետ վերջին խաղում՝ 2:2: Ցուցանիշները տպավորիչ են՝ 7 դրական արդյունք, այդ թվում՝ Ջիբրալթարի նկատմամբ ռեկորդային՝ 14:0 հաշվով հաղթանակը։
ԻՆՉՈ՞Ւ ԵՐԿՐՊԱԳԵԼ
- Օլիվյե Ժիրուն ավարտում է կարիերան հավաքականում. Մեծ վարպետի հրաժեշտը պետք է որքան հնարավոր է՝ լավը լինի։
- Կանտեն կրկին բարձր մակարդակ է ցույց տալիս ու վերադարձել է հավաքական։
- Մբապեն գնաց «Ռեալ». Դա նշանակում է՝ հավաքականի երկրպագուների թիվն այդ օրն աճեց մի 6393 անգամ։
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ
Մեյնյան — Պավար, Կոնատե, Սալիբա, Տեո — Չուամենի, Կամավինգա — Գրիզման — Դեմբելե, Ժիրու, Մբապե
Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Է ԹԻՄՈՒՄ
Տարվա առաջին ընկերական խաղում նրանք պարտվեցին գերմանացիներին՝ 0-2, երկրորդում ծանրագույն հաղթանակ տարան Չիլիի դեմ՝ 3-2։ Դիդյե Դեշամի թիմը երկու անգամ անընդմեջ պարտվեց Գերմանիային. հիշում ենք նաև սեպտեմբերի 1-2-ը՝ Թոմաս Մյուլերի և Լերոյ Զանեի գոլերով, Անտուան Գրիզմանն էլ 11 մետրանոցից պատասխանեց միայն 89-րդ րոպեին։
ԽԱՂԱՈՃԸ
Չնայած աստղային կազմին՝ հարձակողական փայլի պակաս կա: Դեշամը պրագմատիկ մոտեցում ունի՝ գլխավորը արդյունքն է։ Դժվար թե նա որոշի փոխել իր ոճը՝ չնայած Ֆրանսիան շատ մեծ ներուժ ունի։ Ընդհանրապես, կարգի հաշվին դուք կարող եք շատ հեռուն գնացող նպատակներ ունենալ՝ նույնիսկ առանց խաղադաշտում վառ ու գրավիչ խաղի։
ՄԱՐԶԻՉԸ
Թվում է՝ Դիդյե Դեշամին ձգում է հաջողությունը. նրա Ֆրանսիան նույնիսկ ինչ-որ չափով հիշեցնում է«Ռեալը»։ Այո, պատվավոր մրցանակներից միայն 2018 թվականի աշխարհի գավաթն է, բայց մարզիչը հասավ ԵՎՐՈ-2016-ի և ԱԱ 2022-ի եզրափակիչներ։ Միակ ձախողումը, որը նա թույլ տվեց, 2021-ին էր, երբ նա չկարողացավ հաղթահարել շվեյցարացիների արգելքը 1/8 եզրափակիչում։ Ֆրանսիացիները վստահություն են ճառագում և այժմ կրկին մրցաշարի գլխավոր ֆավորիտներն են Անգլիայի հետ:
ՓԱՍՏ
«Ալ-Իթթիհադի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեն 2022 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ հրավիրվել է հավաքական։ «Հաշվի առնելով նրա փորձը՝ ես համոզված եմ, որ Ֆրանսիայի հավաքականը նրա հետ ավելի լավ կլինի»,- ասել է Դիդյե Դեշամը։ Կարելի է քննարկել Սաուդյան Արաբիայի առաջնության ինտենսիվությունը, սակայն մրցաշրջանի ընթացքում 33-ամյա Կանտեն խաղադաշտում անցկացրել է ավելի քան 4 հազար րոպե։ Համաձայնեք՝ խոսուն թվեր են։
ԱՌԱՋԱՏԱՐԸ
Մբապեն, իհարկե, շատ կարևոր ֆուտբոլիստ է, բայց Դեշամի գլխավորությամբ Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն Անտուան Գրիզմանն է։ Նա փայլեց ԵՎՐՈ-2016-ում, դարձավ լավագույն ռմբարկուն՝ 6 գոլով, 2018-ի Աշխարհի առաջնությունում նա խելահեղ հանդիպումներ անցկացրեց՝ խփելով 3 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։ Կատարում Անտուանը տեղափոխվեց միջին գիծ և երեք գոլային փոխանցում կատարեց՝ մրցաշարի լավագույն արդյունքը: «Գրիզմանը կատարյալ խաղացող է. Նա պաշտպանվում է հենակետային կիսապաշտպանի պես, փոխանցում է կատարում 10 համարի պես և գրոհներն ավարտում մաքուր հարձակվողի պես»,- «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեի խոսքերն են: Մբապեի, Ուսման Դեմբելեի և փորձառու Օլիվյե Ժիրուի հետ Գրիզմանը անկասելի տեսք ունի։
ԼԵՀԱՍՏԱՆ
ԵՎՐՈ-2024-ի անցումային խաղում Լեհաստանը 11 մետրանոցներով հաղթեց Ուելսին։ Բոլոր լեհերը դիպուկ էին, մինչդեռ Դենիել Ջեյմսը վրիպեց բրիտանացիներից։ Միևնույն ժամանակ, լեհերը հաճախ հիասթափեցնում են՝ անհաջող մունդիալ, երրորդ տեղ ԵՎՐՈ-ի ընտրական խմբում՝ Չեխիայից և Ալբանիայից ցածր:
ԻՆՉՈ՞Ւ ԵՐԿՐՊԱԳԵԼ
- Գուցե, սա Ռոբերտ Լևանդովսկու վերջին հնարավորությունն է՝ միջազգային գավաթ նվաճելու համար:
- Համեստ մարզիչ. Պատկերացնում եք՝ Միխալ Պրոբեժը դառնա ԵՎՐՈ-2024-ի հայտնությունը, ինչպես դանիացի Ռիչարդ Մյոլեր-Նիլսենը՝ ԵՎՐՈ-1992-ում:
- Վոյցեխ Շչեսնին է թոշակի գնում հավաքականից. Ինչո՞ւ չաջակցել հիանալի դարպասապահին։
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ
Շչեսնի – Բեդնարեկ, Դավիդովիչ, Կիվիոր – Ֆրանկովսկի, Պետրովսկի, Սլիշ, Զիելինսկի, Զալևսկի – Շվիդերսկի, Լևանդովսկի
Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Է ԹԻՄՈՒՄ
Լեհերը չեն փայլում, բայց նրանք հավաքականում հանկարծակի հայտնաբերեցին նոր հերոսի՝ Պրժեմիսլավ Ֆրանկովսկին «Լանսից»։ Լեհ լատերալը փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում գոլի հեղինակ է դարձել էստոնացիների դեմ խաղում, իսկ մինչև այդ նա գոլ էր խփել Լատվիայի հետ ընկերական խաղում։ Պայքարներում նա անզիջում է ու օգտակար է պաշտպանությունում։
ԽԱՂԱՈՃԸ
Լեհաստանը հազվադեպ է տպավորում։ Թիմին արագությունը պակասում է, խնդիրներ ունեն դիրքային հարձակման և պաշտպանության հետ: Թվում է՝ հաջողության հասնելու շանսերը շատ չեն, բայց կարելի է հույսը դնել Ռոբերտ Լևանդովսկու և Պյոտր Զիելինսկու անհատական հմտությունների վրա. այս զույգը կարող է ոչնչից գոլ արարել:
ՄԱՐԶԻՉԸ
Միխալ Պրոբեժը մարզում է արդեն 19 տարի, բայց Լեհաստանի տարածքից դուրս աշխատել է միայն երեք ամսով՝ գլխավորելով հունական «Արիսը» 2011 թվականի նոյեմբերից մինչև 2012 թվականի հունվարը: Բոլոր հաջողությունները գրանցվել են հայրենիքում. Պրոբեժն ունի Լեհաստանի երկու գավաթ և Լեհաստանի Սուպերգավաթ։
ՓԱՍՏ
Վոյցեխ Շչեսնին ԵՎՐՈ-2024-ից հետո կհեռանա ազգային թիմից։ «Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու նոր փուլ սկսելու իմաստ չկա։ Չեմ մնա նաև Ազգերի լիգայի համար: Կարծում եմ՝ ավելի լավ է ուրիշներին հնարավորություն տալ», — բացատրել է Վոյցեխը: Շչեսնին լեհ լեգենդ է. նա խաղում է 2009 թվականից, անցկացրել է 81 հանդիպում, որոնցից 34-ը՝ չոր։
ԱՌԱՋԱՏԱՐԸ
Լևանդովսկին պահպանում է իր մակարդակը «Բարսելոնայում»՝ 25+ գոլ՝ երկու մրցաշրջան անընդմեջ, բայց Լեհաստանի կազմում նա հաճախ լռում է: Չնայած Ռոբերտը բարելավել է իր ստեղծագործական ունակությունները և կատարել է 8 գոլային փոխանցում Լա Լիգայում, նա կախված է վառ կիսապաշտպաններից. Լեհաստանում միայն Պյոտր Զիելինսկին է հարմար այս դերի համար:
ԱՎՍՏՐԻԱ
Ռալֆ Ռանգնիկի թիմը վստահորեն մտավ ԵՎՐՈ-2024՝ ընդամենը մեկ միավորով զիջելով Բելգիային: Ավստրիացիները գրանցեցին 6 հաղթանակ և 1 ոչ-ոքի` գրեթե իդեալական ցուցանիշ։
ԻՆՉՈ՞Ւ ԵՐԿՐՊԱԳԵԼ
- Ռանգնիկը մնաց Ավստրիայում՝ չնայած «Բավարիայի» հետ ձեռք բերված համաձայնությանը:
- Ալաբան երազում էր ԵՎՐՈ գնալ, բայց ապաքինումը ձգձգվեց։ Դավիդը գոնե մի քիչ երկար ուրախանա։
- Ակտիվ պրեսինգ, արագ եզրեր, հուսալիություն թիկունքում. բավականին գեղեցիկ տարրեր են՝ առնվազն Ավստրիայի հավաքականի հանդիպումները դիտելու համար:
ԻԴԵԱԼԱԿԱՆ ԿԱԶՄ
Շլագեր — Պոշ, Վեբեր, Դանցո, Մվենե — Սեյվալդ, Գրիլիչ — Լայմեր, Բաումգարտներ, Զաբիցեր — Գրեգորիչ
Ի՞ՆՉ ՎԻՃԱԿ Է ԹԻՄՈՒՄ
Ավստրիան վատ վիճակում չէ, լավատեսական տրամադրություն է։ 2023 թվականի նոյեմբերին Ավստրիան ընկերական խաղում «ծեծեց» Գերմանիային։
ԽԱՂԱՈՃԸ
Ռալֆ Ռանգնիկի ֆիրմային պրեսինգը մինչ այժմ օգտագործվել է միայն թույլ թիմերի դեմ խաղերում. Ավստրիան ավելի զգույշ է բարձրակարգ մրցակիցների հետ և հաճախ փակվում է սեփական տուգանայինում։ Թիմը չունի փլեյմեյքեր, բայց ավստրիացիները շատ ավելի ներդաշնակ տեսք ունեն, քան լեհերը. նրանք կհանդիպեն երկրորդ փուլում՝ որոշելու, թե ո՞վ կպայքարի փլեյ-օֆֆ-ի համար:
ՄԱՐԶԻՉԸ
Ռանգնիկը տպավորում է «Մանչեսթեր Յունայթեդ» քաոսային գործուղումից հետո։ Նրա հետ «Կարմիր սատանաները» միջինը մեկ խաղում վաստակում էին 1,5 միավոր, հաղթում հանդիպումների 42%-ում։ Այս երկու թվերն էլ Պրեմիեր լիգայի գոյության ընթացքում ամենավատն են «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի համար: Ապրիլին Ռանգնիկին հրավիրեցին «Բավարիա», երկրպագուները զայրացան, իսկ մարզիչը ի վերջո ընտրեց Ավստրիան։ Մյունխենյան ակումբի ղեկավարությունը զարմացած էր։
ՓԱՍՏ
Ռալֆ Ռանգնիկը ԵՎՐՈ-2024-ի համար Ավստրիայի ազգային հավաքականի շտաբ է հրավիրել Դավիդ Ալաբային։ Պաշտպանը վերականգնողական փուլ է անցնում «Վիլյառեալի» հետ դեկտեմբերյան խաղում խաչաձև կապանները պատռելուց հետո։ Նա արդեն վիրահատության է ենթարկվել, բայց չի հասցրել ապաքինվել։ Ալաբան ավագն է ու թիմի համար ամենակարևոր տարրը։ Ալաբան ԵՎՐՈ-2024-ին կա՛մ մարզչական շտաբի կազմում կլինի, կա՛մ Ավստրիայի պատվիրակության կազմում:
ԱՌԱՋԱՏԱՐԸ
Ավստրիան ընդհանուր առմամբ ուժեղ և փորձառու թիմ ունի։ Կենտրոնական կիսապաշտպան Կոնրադ Լայմերը Transfermarkt-ի վարկածով ամենաթանկն է և գնահատվում է 28 մլն եվրո։ Նա կարևոր խաղացող է «Բավարիայի» համար: Միևնույն ժամանակ, Ռանգնիկը հրավիրեց հավերժական Մարկո Արնաուտովիչին։ Հրավեր են ստացել նաև Կևին Դանսոն, որը ծաղկեց «Լանսում», և Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից Մարսել Զաբիցերը։
Ռոբերտ Գասպարյան