Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Հայ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Ֆրանսիայի, Բելգիայի և Հոլանդիայի թիմերը, հայտնում է ինսայդեր Ռուդի Գալետին։
Աղբյուրի համաձայն՝ հոլանդական «Այաքսը» ցանկանում է պայմանագիր կնքել Սպերցյանի հետ և կապի մեջ է «Կրասնոդարի» հետ՝ հնարավոր գործարքի վերաբերյալ: Մոտ ապագայում «Այաքսը» նախատեսում է ավելի ակտիվանալ բանակցային գործընթացում։
Նշվում է, որ «Լացիոն», որի հետաքրքրության մասին ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, չի հավակնում ֆուտբոլիստի տրանսֆերին:
Անցած մրցաշրջանում Սպերցյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։