«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներն, ամենայն հավանականությամբ, առաջիկայում պաշտոնանկ կանեն թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մանկունիանցիների ղեկավարությունը կապ է հաստատել «Բրայթոնի» նախկին մարզիչ Ռոբերտո Դե Ձերբիի հետ, որի ֆուտբոլային ոճը նրանց դուր է եկել։ Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Յունայթեդը» թիմի մարզչի հնարավոր թեկնածուների կարճ ցուցակում ներառել է նաև «Բավարիայի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելին, «Իպսվիչի» գլխավոր մարզիչ Կիրան Մաքքենային, «Չելսիից» հեռացված Մաուրիսիո Պոչետինոյին և «Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկին։
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Ռոբերտո Դե Ձերբին ու նրա ակումբը՝ «Բրայթոնը», որոշել են երկկողմանի համաձայնությամբ խզել պայմանագիրը։