«Լեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան շուտով կգլխավորի Լոնդոնի «Չելսին»։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնցիները Մարեսկայի հետ պայմանավորվել են հինգ տարվա պայմանագրի շուրջ՝ մինչև 2029 թվականի հունիսը։ Համաձայնագրում կներառվի նաև մինչև 2030 թվականը հնարավոր երկարաձգման կետ։ Հաղորդվում է, որ «կապույտները» փոխհատուցում կվճարեն «Լեսթերին»:
«Չելսին» մայիսի 21-ին հայտարարեց Պոչետինոյի հետ պայմանագիրը երկկողմանի համաձայնությամբ խզելու մասին։ Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի վերջում լոնդոնցիները վաստակեցին 63 միավոր և զբաղեցրին վեցերորդ տեղը։
Նախկինում Մարեսկայի գլխավորությամբ «Լեսթերը» վաստակել էր 97 միավոր և զբաղեցրել Չեմպիոնշիփի առաջին տեղը՝ անկումից մեկ տարի անց վերադառնալով Անգլիայի Պրեմիեր լիգա։