ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը:
Այս տարի ընդլայնվել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկը․ կարող են մասնակցել շուրջ քսան ուղղությունների մասնագետներ, որոնցից 8-ն արվեստի, մնացածը՝ սպորտի ոլորտում: Հայտագրումը բաց է մինչև ապրլի 20-ը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի տեղեկացմամբ՝ 2023 թ. սպորտում կամավոր ատեստավորում անցկացվել է 4 մասնագիտությամբ՝ հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո և սամբո: Գրանցվել էր 126 մարզիչ-մանկավարժ, որոնցից ներկայում լրավճար ստանում են 8-ը:
«Հասկանալի է՝ առաջին անգամ էր անցկացվում, և շատերը դժգոհ էին տերմիններից, որոնք առօրյայում մի կիրառում ունեն, մասնագիտական գրականության մեջ՝ այլ: Այս տարի այդ խնդիրը չենք ունենա: Ավելացրել ենք ևս 8 մարզաձև՝ ծանրամարտ, բռնցքամարտ, աթլետիկա, բասկետբոլ, դահուկավազք, հրաձգություն, սեղանի թենիս, կարատե: Այս պահին հայտագրվածները քիչ են, սակայն մարզաշխարհը սիրում է հայտը վերջին պահին տալ. դեռ 2 շաբաթ ժամանակ կա, վստահ եմ, որ թիվը կավելանա»,- ասել է Կարեն Գիլոյանը:
Նշվել է նաև, որ արտադպրոցական հաստատությունների մանկավարժները կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում հաջորդ տարի կրկին ատեստավորմանը մասնակցելու պարտավորություն չունեն: Անկախ արձանագրված արդյունքից՝ նրանք կարող են շարունակել մասնագիտական գործունեությունը:
Ատեստավորման արդյունքում հավելավճարը կտրվի հետևյալ համամասնությամբ.
- 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 667 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից,
- 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 112 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից,
- 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 82 000 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից:
«Եթե գործող կարգով 60-69 տոկոս հավաքածները համարվում էին ատեստավորված, սակայն հավելավճար չէին ստանում, ներկայում նրանք կստանան 55.333 դրամ ֆիքսված լրավճար՝ անկախ դասավանդման դրույքային ծանրաբեռնվածությունից։ Ամբողջական հավելավճարն աշխատակիցները կստանան իրենց հիմնական աշխատավայրից, քանի որ կան համատեղությամբ աշխատող մանկավարժներ»,- նշվել է մամուլի ասուլիսի ընթացքում: