Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Դանի Ալվեշը դեռ չի վճարել գրավը և մնում է բանտում, հայտնում է La Vanguardia-ն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարսելոնայի դատարանը համաձայնել է բրազիլացուն 1 մլն եվրո գրավի դիմաց ազատ արձակել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ գումարը դեռ չի վճարվել, ինչը նշանակում է, որ Ալվեշը բանտում կմնա առնվազն ևս 24 ժամ։ Ինքը՝ Ալվեշը, չի կարող իրեն թույլ տալ 1 մլն եվրո վճարել բանտից ժամանակավորապես ազատ արձակվելու համար, քանի որ դատավարության ընթացքում պարզվել է, որ նախկին ֆուտբոլիստը սնանկացել է։ Թեև հետագայում նրան հաջողվել է 150 հազար եվրո ստանալ նախորդ գործից, որը շահել էր, սակայն դա բավարար չէ ծախսերը հոգալու համար։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունվարին 40-ամյա Դանի Ալվեշին մեղադրանք էր առաջադրվել Բարսելոնայի Սաթոն գիշերային ակումբում աղջկա բռնաբարության գործով։ Հունվարի 20-ին նախկին ֆուտբոլիստը բերման է ենթարկվել։ Ավելի ուշ բրազիլացին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, ինչպես նաև պարտավորվել է տուժողին վճարել 150 հազար եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում։ Միաժամանակ, Իսպանիայի դատախազությունը նախատեսում էր բողոքարկել դատարանի որոշումը՝ համարելով, որ Ալվեշը պետք է ավելի երկար ժամանակով կալանքի տակ մնա։