IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայում ավարտվեց 24-րդ տուրը։ Ինչպես և գրել էինք մեր նախորդ հոդվածներում (այստեղ և այստեղ), առաջնության գարնանային հատվածը խոստանում է բազում անակնկալներ։ Վերսկսումից անցել է արդեն 4 տուր, ու գրանցված արդյունքները մեզ թույլ են տալիս ակնկալել, որ ոչ միայն չեմպիոնական ինտրիգն է արթնացել, այլև պայքարը եվրագավաթային գոտու համար նոր-նոր է սկսվում, ու դեռ այդ «կռվի» մասնակիցների թիվը դեռ կարող է ավելանալ։
«Շիրակի» երկրպագուներն ու թիմն էլի ունեն ընդհանուր զարկերակ 
Գյումրիի «Շիրակը» երկրորդ անընդմեջ խաղում ցույց է տալիս նախանձելի նպատակասլացություն։ «Ուրարտուի» հետ 23-րդ տուրի խաղում թիմի բախտը, մեծ հաշվով, բերեց, քանի որ մրցակիցը 2 անգամ հարվածեց դարպասաձողին, իսկ խաղի վերջում չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցը։ Սակայն մյուս կողմից, անհամեմատելի են «Շիրակի» և «Ուրարտուի» բյուջեները, ֆուտբոլիստների աշխատավարձերը։ Նույնը, կարելի է ասել, վերաբերվում է նաև «Ալաշկերտին»։
«Դեղինները» ժամանել էին Գյումրի բացահայտ ֆավորիտի կարգավիճակում։ Առաջին րոպեներից Վահե Գևորգյանի տղաները շտապեցին արդարացնել իրենց կարգավիճակը։ Ամբողջ խաղակեսի ընթացքում հյուրերը ստեղծեցին մի շարք պահեր, այդ թվում՝ ռեալ գոլային, սակայն ամեն անգամ փրկում էր Դարկո Վուկաշինովիչը։ «Շիրակը» նախորդ խաղին ապացուցել է, որ կարող է դիմանալ ու սպասել իր հնարավորությանը։ Այն ստեղծվեց միայն խաղի ավարտից 8 րոպե առաջ, սակայն մինչև այդ «Ալաշկերտը» ևս մի քանի դրվագ մսխեց։ Հետո հյուրերի գործողություններում նկատվեց փոքրիկ հիասթափություն։ «Շիրակի» երիտասարդ ու համարձակ տղաները զգացին դա ու նետվեցին առաջ։ Մի դրվագում հարվածեցին դարպասաձողին, իսկ 83-րդ րոպեին Լյովա Մրյանի հարվածն արդեն անկասելի էր։ Նույնիսկ բաց թողած գոլից հետո «Ալաշկերտը» մեծ հաշվով ոչինչ չստեղծեց, իսկ «Շիրակը» երկրորդ անգամ պատժեց։ Աչքի ընկավ Ռաֆիկ Միսակյանն ու ամրապնդեց «Շիրակի» երկրորդ անընդմեջ հաղթանակը։
Ամուր ԲԿՄԱ-ն ու տիպիկ Վարդան Մինասյանը
Մենք վաղուց ենք սովորել, որ Վարդան Մինասյանի թիմերը ինչ-որ պահի սկսում են դոփել տեղում, պակասում է կրեատիվությունը, կաղում է միտքը, որից «կախում» է երկրպագուների ուղեղը։ ԲԿՄԱ-ի հետ խաղում նույնպես եղան բազում հարցականներ։ Ի դեպ, ովքեր չեն դիտել այս հանդիպումը, այն գրեթե ամբողջությամբ կրկնում է «Շիրակ» — «Ալաշկերտ» խաղի սցենարը։ Գրոհում էր հիմնականում մի թիմ, մյուսն էլ ամբողջ անձնակազմով պաշտպանվում էր։ Առաջին կեսում ԲԿՄԱ-ն ոչ թե ավտոբուս էր կանգնեցրել, այլ մի ամբողջ ավտոկայան։ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը հրաշքով փրկվեց առաջին կեսում, երբ Ռոդրիգեսի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Երկրորդ կեսում խաղի դինամիկան չփոխվեց։ Երևում էր, որ ԲԿՄԱ-ն դժվարությամբ է խաղում։ Թիմը ձմեռային դադարի ընթացքում «մեծ» թիմերին է վերադարձրել իրենց սաներին, ինքն էլ մնացել է անհամեմատ ավելի թույլ ֆուտբոլիստներով։ Այո, Գյուլբուդաղյանցը գիտի՝ ինչպես աշխատել շատ երիտասարդների հետ, սակայն դեռ շատ գործ կա անելու։ Իսկ ինչու՞ «գրեթե» կրկնվեց «Շիրակ» — «Ալաշկերտ» խաղի սցենարը։ Պարզապես 97-րդ րոպեին ԲԿՄԱ-ի հարձակվողը հեռու տարածությունից աննշան վրիպեց։ Իսկ փոխարինման դուրս եկած Արթուր Սերոբյանը հանդիպման բառացիորեն վերջին վայրկյաններին շքեղ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։ Հաղթանակը՝ հաղթանակ, բայց Վարդան Մինասյանը մտորելու շատ բան ունի։ Մի պահ թվում էր՝ հետևում էինք նրա գլխավորած Հայաստանի հավաքականի ու Մալթայի հետ երևանյան հանդիպումը, երբ իր տղաները մեգապահեր ունենալով պարտվեցին 0-1 հաշվով։
«Նոայի» ու «Արարատի» խաղին ձյունն իր երգն էր երգում
Երկրպագուներին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում կայացած խաղում գոլային իսկական հրավառություն պարգևեցին չեմպիոնության հավակնորդ «Նոան» ու առաջնության երկրորդ հատվածը գերազանց սկսած «Արարատը»։ Հանդիպման հիմնական իրադարձությունները զարգացան առաջին կեսում։ 18-րդ րոպեին լուսատախտակին վառվում էր 1-1 հաշիվը։ Սակայն սա միակ դեպքն էր, երբ «Արարատը» հավասար պայքար էր մղում «Նոայի» հետ։ Մարտիմ Մայայի դիպուկ հարվածին արարատցիներից պատասխանեց Սերբո Գալստյանը։ Այնուհետև, մինչև ընդմիջում տանտերերը ևս 3 անգամ գրավեցին մրցակցի դարպասը։ Դուբլով աչքի ընկավ Արթուր Միրանյանը, որը 17 գոլով առաջնության լավագույն ռմբարկուն է, իսկ միջակայքում գոլ խփեց նաև Ջասթին Մեթյուն։
Երկրորդ կեսում խաղի պատկերը մի փոքր փոխվեց։ «Նոայի» ֆուտբոլիստների մոտ վստահությունը վերածվեց ինքնավստահության, ինչն «Արարատն» իհարկե զգաց։ Երկարատև չարչարանքներից հետո Արմեն Նահապետյանը 72-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեց։ Ու «Նոայի» մոտ ոչինչ տեղից չշարժվեց։ Իսկ երբ 79-րդ րոպեին Ռանսոմ Իբեհը անհատական շքեղ գոլով հաշիվը դարձրեց 4-3, լարվածությունը մեծացավ։ Գուցե խաղում էլի գոլեր տեսնեինք, սակայն միջամտեց նորին մեծություն եղանակը։ 80-րդ րոպեից Աբովյանում հեքիաթային ձյուն սկսեց տեղալ, ինչի պատճառով խաղի տեմպը ընկավ, և դա ձեռնտու էր «Նոային»։ Այդպես, տանտերերը ֆանտաստիկ ու գոլառատ խաղում հաղթանակ տարան, «Արարատն» էլ միևնույն ժամանակ 2024 թվականին կրեց իր առաջին պարտությունը։
Չեմպիոնի մղձավանջը շարունակվում է
Դմիտրի Գունկոյի և «Ուրարտուի» համար նոր՝ 2024 թվականը մեկնարկել է պարզապես սարսափելի կերպով՝ 3 խաղ ու 0 հաղթանակ։ «Ուրարտու» մարզադաշտ 24-րդ տուրում հյուրընկալվել էր «Վեստ Արմենիան», մրցակից, որին չհաղթելը նման կազմով կարող էր ընկալվել արդեն լուրջ ֆիասկո։ Խաղից առաջ մթնոլորտը բավական ջերմ էր, քանի որ կար գեղեցիկ առիթ։ Պարզապես ամեն տարի գարնանը ֆուտբոլում հարմարեցումների եվրոպական կենտրոնը (CAFÉ) անցկացնում է CAFÉ Week of Action միջոցառումների շաբաթը, որի նպատակն է խթանել հաշմանդամություն ունեցող երկրպագուների ներառումը ֆուտբոլում: Այս տարի CAFÉ Week of Action-ը անցկացվում է մարտի 8-24-ը, որին միացել է նաև «Ուրարտուն»: Գործող չեմպիոնն այս տարի հայկական ակումբներից առաջինն է, որ հյուրընկալում է համաեվրոպական այս միջոցառումը: Սակայն այդքանով «Ուրարտուի» երկրպագուների համար հաճելի պահերը գրեթե ավարտվեցին։ «Վեստի» հետ հանդիպման առաջին խաղակեսի մասին կարելի է պատմել մեկ բազմիմաստ, բայց ընդգրկուն բառով՝ «ՈՉԻՆՉ»։ Երկու թիմերն էլ չափազանց զգուշավոր ու տխուր ֆուտբոլ խաղացին։
Սակայն երկրորդ կեսում գոլերը եկան։ Արդեն 48-րդ րոպեին հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Գևորգ Տարախչյանը: Սակայն շատ չանցած հյուրերը կարողացան հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Զախար Տարասենկոն: 76-րդ րոպեին «Վեստ Արմենիան» կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումն ավարտվեց «Ուրարտուի» պաշտպան Իսաակ Բարիի դիպուկ հարվածով, որը «Վեստում» խաղում է վարձավճարով։ Սակայն մի քանի վայրկյան անց մրցավարը կանոնների խախտում արձանագրեց Թեմուր Ջիկիայի հետ պայքարում և գոլը չեղարկեց: Այնուամենայնիվ, հանդիպման վերջնամասում «Վեստ Արմենիան» կարողացավ արդյունավետ հակագրոհ ձեռնարկել: Մելիխովի դեմ մեն-մենակ մնացած Չիդերա Օպարաոչան միջին տարածությունից կատարած հարվածով խփեց իր թիմի հաղթական գոլը։ Խաղից հետո «Ուրարտուի» դեռևս գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն այս պարտությունը որակեց ամոթալի։ Դժվար է այս պարագայում չհամաձայնել մասնագետի հետ։ Ոչ թե ամոթ է «Վեստ Արմենիային» պարտվելը, որն արժանի ֆուտբոլ է ցուցադրում, այլ ամոթալի է նման կարգի ցածր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել։
«Փյունիկի» ազատ անկումը շարունակվում է
21-րդ դարում, 2024 թվականի դրությամբ բոլորին հուզող՝ «ո՞վ է սպանել Քենեդուն», «առեղծվա՞ծ է արդյոք Ատլանտիդան» և «ինչո՞ւ է աղմկում գետը» հարցերին կարող ենք ավելացնել ևս մեկը՝ ի՞նչ է կատարվում «Փյունիկի» հետ։ Եղիշե Մելիքյանի թիմը առաջնության գարնանային հատվածին, կարծես, չի վերադարձել միջազգային հավաքից։ Բոլորն ակնկալում էին, որ «Վեստ Արմենիայի» նկատմամբ տարած հաղթանակը նոր հաղթական շարքի բացումն է, բայց իրականում ստացվեց լրիվ հակառակը։
Չարենցավանում խաղալը դյուրին մարտահրավեր չէ, սակայն երբ դու «Փյունիկն» ես, որը մինչև ընդմիջում քարուքանդ էր անում բոլոր հնարավոր մրցակիցներին, հավասար պայքար էր մղում «Բուդյո/Գլիմտի» հետ եվրագավաթում, «Վանին» հաղթելը զուտ կարգի հարց է։ Աշնանն այդ առաջադրանքը Մելիքյանի տղաները կկատարեին՝ ստանալով «5+»։ Իսկ այսօր, «Փյունիկի» կազմում ֆուտբոլ խաղում է միայն Հովհաննես Հարությունյանը։ Դաշյանի վնասվածքի պատճառով ավագի թևկապով դաշտ դուրս եկած Հարությունյանը թե առաջին, թե երկրորդ կեսում ոսկերչական ճշգրտության փոխանցումներ է կատարել թիմակիցներին, սակայն նրանք նպաստավոր դիրքերից, ինչպես կասեր Սուրեն Բաղդասարյանը, քլնգում էին։ Իսկ «Վանը» իր շանսը օգտագործեց. թիմին առաջ մղեց Ֆանյե Տուրեն։ Երկրորդ կեսում «Փյունիկի» ստեղծած բոլոր պահերը, եթե դնենք կշեռքի նժարների վրա, զիջում են նույն Ֆանյե Տուրեի միակ հարվածին, որից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ Բայց եթե արանքից հանում ենք բոլոր նժարները, կշեռքները և այլ զեղումները, մնում է սեղանին մեկ չոր փաստ` ամռանը-աշնանը չպարտված «Փյունիկը» 2024-ի սկզբում պարտվեց արդեն երկրորդ անգամ։
Մրցաշարային աղյուսակ
Առաջնությունը գնալով ավելի է հետաքրքրանում։ Կայունությամբ աչքի է ընկնում, երևի թե, միայն ԲԿՄԱ-ն (իհարկե բացասական տեսանկյունից)՝ 4 խաղ 4 պարտություն։ Մնացած բոլոր թիմերն արդեն միավորներ են կորցրել։ Աչքի է զառնում, բնականաբար, վերնահարկում երկիշխանությունը։ «Փյունիկն» ու «Նոան» ունեն 52-ական միավոր, որոնք մեկ տուր անց մրցելու են միմյանց հետ։ Երևի թե, «Փյունիկի» համար լավ է, որ այդ հանդիպումը կկայանա միջազգային դադարից հետո, երբ թիմը, գուցե, կկարողանա իրեն ուշքի բերել։ «Ուրարտուն» ու «Ալաշկերտը» շարունակում են թույլ ֆուտբոլ խաղալ, մինչդեռ պետք է լինեն զգոն, որովհետև վերածնված «Արարատն» արդեն ծիկրակում է թիկունքից։
Նկուղում իրավիճակը նույնպես լարված է։ Առաջնության երկրորդ հատվածը լավ սկսած «Վանը» հիմա 7-րդն է, սակայն դեպքերի անհրաժեշտ հաջորդականության դեպքում կարող է հաջորդ տուրում հայտնվել վերջին տեղում։
Ռոբերտ Գասպարյան