Հայաստանի շախմատի հավաքականի երկարամյա անդամ Հրանտ Մելքումյանը հեռանում է հավաքականից:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հրանտ Մելքումյանը: «Հայաստանի շախմատի հավաքականից հեռանալու որոշում եմ կայացրել, բայց հնարավոր է տարիներ անց հետ վերադառնամ: Ինձ մի քանի տարով դադար է պետք: Որոշմանս հիմնական պատճառը ճանապարհներից հոգնելն է: Ավստրալիայից ճամփորդելը դժվար է»,-ընդգծեց նա:
Մելքումյանը նաև տեղեկացրել է, որ «մեծ շախմատ»-ից ամբողջապես չի հեռանում: Նա կշարունակի մասնակցել միջազգային մրցաշարերի Ավստրալիայում:
«Մինչև քովիդի համավարակը ես խիստ գրաֆիկով շախմատ էի խաղում և բնավ մտադիր չէի հեռանալ: Սակայն համավարակից հետո առցանց շախմատն ինձ համար այդքան էլ անվտանգ չէր: Այդ իսկ պատճառով մոտ 2 տարի կտրվեցի շախմատից: Հետո փորձում էի վերադառնալ, սակայն ռիթմից դուրս էի մնացել»,-ասել է նա:
Հրանտ Մելքումյանը աշխարհի երիտասարդների (Մ18) առաջնության արծաթե մեդալակիր է, Հայաստանի շախմատի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե (2015), Եվրոպայի առաջնության արծաթե (2015) և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2023):
Ավելին՝ սկզբնաղյուր կայքում: