«Սպարտակի», «Լոկոմոտիվի» և Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Դենիս Գլուշակովը տեղափոխվել է Երևանի «Ուրարտուի»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Այո, շշուկները ճիշտն էին․ նա մեզ հետ է: Դենիս Գլուշակովը «Ուրարտուի» նոր 8 համարն է»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
37-ամյա փորձառու ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնավորապես Մոսկվայի «Լոկոմոտիվի» և «Սպարտակի», ինչպես նաև «Ախմատ», «Խիմկի» և «Նիժնի Նովգորոդ» ակումբներում։ Կիսապաշտպանը 2016/17 մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի չեմպիոն, ինչպես նաև Մոսկվայի «Սպարտակի» կազմում` Ռուսաստանի սուպերգավաթի հաղթող։ Նշենք՝ ձմեռային ուսումնամարզական հավաքների համար Գլուշակովը միացել էր «Ռոստովին»։ ՌՊԼ-ի ձմեռային գավաթի առաջին խաղում ռուս կիսապաշտպանը մասնակցել է «Շաբաբ Ալ-Ահլիի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսին (3:1): Գլուշակովը երկու ուսումնամարզական հավաք է անցկացրել «Ռոստովի» հետ, որից հետո ակումբը հայտարարել է ֆուտբոլիստի հեռանալու մասին։
Ռուսաստանի հավաքականի կազմում Գլուշակովը մասնակցել է 2018 թվականի աշխարհի առաջնությանը, ինչպես նաև 2012 և 2016 թվականների Եվրոպայի առաջնություններին։
Ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել «Սպարտակ Կոստրոմայից», որի հետ մրցաշրջանի առաջին հատվածում անցկացրել է 7 հանդիպում և դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։