Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի երկրորդ խաղում սեփական հարկի տակ տակ ընդունել է Ալբանիայի ընտրանուն և 84:79 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստն Անդրե Սպայթ Մկչտչյանն էր (Հայաստան)՝ վաստակած 31 միավորով. նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել է 4 արդյունավետ փոխանցում:
29-ամյա բասկետբոլիստը լրագրողների հետ զրույցում նշել է՝ հայրենիքում հաղթանակի հասնելն առանձնակի կարևոր է իր համար. «Մենք պարտավոր էինք հաղթելու միավորների առավել մեծ տարբերությամբ: Երբեք չեմ սիրում պարտվել Հայաստանում, և հիմա ուրախ եմ այս հաղթանակի համար: Ալբանիան շատ լավ խաղ էր ցուցադրում: Շատ մեծ ճնշում էին գործադրում ինձ և Քրիս Ջոնսի վրա: Հստակ գիտեին, թե ինչ պետք է անեն պաշտպանվելիս: Այդուհանդերձ, շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել: Այս ամենը Հայաստանի ու մեր հիանալի երկրպագուների համար է, որնք այսօր ֆանտաստիկ էին»,- Հայաստանի հավաքականի բասկետբոլիստի խոսքերն է փոխանցում ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականն օրեր առաջ Վիեննայում մրցել էր Ավստրիայի հավաքականի հետ և պարտվել 91:106 հաշվով:
Մեր ընտրանին հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին՝ Երևանում հյուրընկալելով Ավստրիային: Անցկացրած երկու խաղերից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով գլխավորում է C ենթախմբի մրցաշարային աղյուսակը: Ավստրիան ու Ալբանիան մեկական խաղերից հետո զբաղեցնում են երկրորդ և երրորդ տեղերը՝ համապաստախանաբար 2 և 1 միավորներով:
Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը: