«Լիվերպուլի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս ՄակԱլիսթերը հայտնել է, որ ծրագրում է տանը թանգարան հիմնել՝ նվիրված Կատարում 2022 թվականին անցկացված աշխարհի առաջնությունում Արգենտինայի հաղթանակին։
«Ես ամեն օր նայում եմ աշխարհի առաջնության ոսկե մեդալին: Սա մեծ նշանակություն ունի ինձ և իմ երկրի համար։ Իմ պլանն է՝ մի օր իմ տանը փոքրիկ թանգարան ստեղծել՝ մի սենյակ, որտեղ ամեն ինչ կլինի: Ես ունեմ Աշխարհի գավաթի կրկնօրինակը, մեդալը և մի քանի այլ գավաթներ. դրանք բոլորն առայժմ ապահով տեղում են: Եվ իմ ծրագիրն է մի տեղ ունենալ, որտեղ ես միշտ կարող եմ տեսնել դրանք»,- ՄակԱլիսթերի խոսքը մեջբերում է The Telegraph-ը։
ՄակԱլիսթերը «Լիվերպուլ» է տեղափոխվել անցած ամառ «Բրայթոնից» 42 միլիոն եվրոյի դիմաց:Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մերսիսայդցիների կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 65 միլիոն եվրո։