Այս մրցաշրջանի գարնանային հատվածի մեկնարկից առաջ «Փյունիկի» մամուլի ծառայությունը զրուցել է թիմի ավագ Արտակ Դաշյանի հետ, որը պատմել է ուսումնամարզական հավաքի, թիմի տրամադրության մասին, անդրադարձավ ակումբին միանալուց հետո իր գրանցած մեծ առաջընթացին ու խոսել Եղիշե Մելիքյանի դերի մասին, ինչպես նաև ասել` ինչ զգացողություններ է ապրել Թուրքիայի հավաքականի դարպասը գրավելուց հետո:
-Արտակ, մրցաշրջանի վերսկսումից առաջ «Փյունիկը» մեկամսյա ուսումնամարզական հավաք անցկացրեց, ունեցավ ընկերական հանդիպումներ, կպատմե՞ս` ինչպե՞ս անցավ ուսումնամարզական հավաքը:
Ո-ւսումնամարզական հավաքն անցավ լավ մակարդակի վրա, հիմա լավ մարզավիճակում եմ: Մարզումներից բացի, ընկերական հանդիպումներ անցկացրինք, որոնք մեծ դեր խաղացին` փորձարկումներ կատարելու տեսանկյունից, օգնեցին հասկանալ մեր ուժեղ ու թույլ կողմերը և աշխատել դրանց վրա: Այո, ունեցանք նաև պարտություններ, որոնք միշտ էլ տհաճ են, բայց դա թիմի տրամադրության վրա չի ազդել, քանի որ դրանք ընդամենը ընկերական խաղեր են, որոնց նպատակն այլ է:
-Ի տարբերություն նախորդ տարիների, առաջնության գարնանային հատվածը վերսկսելու ենք առաջատարի կարգավիճակով, արդյո՞ք դա քեզ ու թիմին լրացուցիչ վստահություն է տալիս:
-Մեզ համար նշանակություն չունի, քանի որ թիմը գնում է դեպի չեմպիոնության ու ամեն խաղում դուրս է գալու խաղադաշտ միայն հաղթանակի համար, որևէ դեր չի խաղում առաջին տեղում ենք, թե երկրորդ:
-Մեկնարկելու ենք «Արարատ-Արմենիայի» ու «Ուրարտուի» դեմ հանդիպումներով:
-Երկու թիմերն էլ համալրված են բարձրակարգ ֆուտբոլիստներով ու նրանք էլ, ինչպես և մենք, պայքարում են չեմպիոնության համար, և, բնականաբար, հասկանում ենք, որ հեշտ խաղեր չեն սպասվում:
-Ի՞նչ դասեր է քաղել թիմը նախորդ մրցաշրջանից, երբ առաջնությունում դարձանք երկրորդը:
-Հնարավոր չէ մի ամբողջ մրցաշրջան անցկացնել առանց սխալների, թերացումների, խաղերի ժամանակ նույնպես լինում են սխալներ, բայց կարևոր է միշտ վերլուծել, ուղղել սխալները, չնայել հետ ու առաջ շարժվել, այս մրցաշրջանում մենք այդպես էլ արել ենք:
-Արտակ, «Փյունիկին» միանալուց հետո երկրորդ երիտասարդությունն ապրեցիր քո կարիերայում: Ո՞րն է քո գաղտնիքը:
-«Փյունիկին» միանալուց հետո իմ կարիերայում դրական տեղաշարժերը շատ են: «Փյունիկի» հետ կարիերայիս լավագույն երկու տարիների ընթացքում զգացել եմ ակումբի ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի վստահությունը, վերադարձել եմ հավաքական: Իսկ ես, իմ հերթին, ամեն ինչ արել եմ, որպեսզի առավելագույնս դրսևորեմ ինձ ու ապացուցեմ, որ իմ հարցում չեն սխալվել: Ինչ վերաբերում է մարզավիճակին, ապա կասեմ, որ միայն ճիշտ ու քրտանաջան աշխատանքի շնորհիվ կարող ես հասնել քո առավելագույնին:
-Հետաքրքիր է, թե ինչո՞վ է առանձնանում Մելիքյանի աշխատանքը մյուս մարզիչներից, որը նպաստել է քո աճին:
-Մելիքյանը մյուս մարզիչներից տարբերվում է նրանով, որ յուրաքանչյուր մրցակցի դեմ թիմին պատրաստում է յուրովի, վերլուծում է հակառակորդին` չանտեսելով ոչ մի մանրուք: Նա տակտիկապես շատ ճկուն մարզիչ է, որը օգնում է նաև ինձ ավելի լավ արդյունքների հասնել:
-Եղիշե Մելիքյանին, հաճախ հարցազրույցներին հարց են ուղղում. «Դաշյանը չի հոգնո՞ւմ», և բոլորիս է այդ հարցն է հետաքրքրում:
-Անկեղծ ասած` ինձ էլ է դա հետաքրքրում (ծիծաղում է-խմբ):
-Բոլորիս համար ամենահուզիչ ու հիշվող պահը քո գոլն էր Թուրքիայի դարպասը, ի՞նչ զգացողություններ ես ունեցել այդ պահին:
-Իսկապես աննկարագրելի զգացողություններ ապրեցի այդ պահին, բայց երբ խաղից հետո էմոցիաները մի փոքր սառում են, գիտակցում է գալիս, թե ում դարպասին ես խփել այդ գոլը ու հպարտության մեծ զգացում ես ապրում:
-Եվ վերջում` ցանկացած երկրպագու, որ գոնե մեկ անգամ ներկա է գտնվել «Փյունիկի» խաղերին, կփաստի, որ դու երեխաների, պատանի ֆուտբոլիստների ամենասիրելին ես, քո խաղով ոգեշնչում ես մեր ակումբի հարույրավոր սաներին, որևէ խորհուրդ ունե՞ս նրանց համար:
-Խորհուրդս այն է, որ իրենց առջև դնեն հստակ նպատակ, չկոտրվեն, չվախենան դժվարություններից ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասնեն նրան, ինչի մասին երազում են: