Միլանի «Ինտերը» պատրաստ է երկարաձգել պայմանագիրը թիմի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ մինչև 2028 թվականը։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Ըստ աղբյուրի, եթե այս պայմանագիրը կնքվի, Մարտինեսը տարեկան կստանա 8 մլն եվրո՝ գումարած բոնուսներ։
«Մենք աշխատում ենք պայմանագիրս երկարաձգելու վրա»,- ասել է Մարտինեսը։
Հիշեցնենք, որ արգենտինացին Ինտերում է հանդես գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը «ներաձուրիի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր պաշտոնական մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։