«Ալ Նասրի» պաշտպան Այմերիկ Լապորտը քննադատել է Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում պրոֆեսիոնալիզմի մակարդակը:
«Եվրոպայի հետ մեծ տարբերություն կա.։Այստեղ մեզ շատ հնարավորություններ չտվեցին: Փաստորեն, այստեղ շատ դժգոհ խաղացողներ կան, բայց դա լավ է, քանի որ մենք շարունակում ենք բարելավել իրավիճակն ամեն օր: Գուցե ապագայում իրավիճակը մի փոքր կկարգավորվի։ Հիմա նրանց համար նորություն է, որ իրենց ակումբներում խաղում են մեծ փորձ ունեցող եվրոպացի ֆուտբոլիստներ: Գուցե նրանք պարզապես դեռ սովոր չեն դրան և պետք է հարմարվեն։
Այստեղ բոլոր առումներով թերություններ կան, նույնը վերաբերում է առօրյային։ Նրանք ամեն ինչին անլուրջ են վերաբերվում։ Նրանք թքած ունեն ձեր կողմից ներկայացված պահանջների վրա: Նրանք խաղում են իրենց կանոններով։ Մի բանում համաձայնում ես, հետո խոստացածը չեն կատարում, չնայած պայմանագիրն արդեն կնքված է։ Նրանք վիճում են ձեզ հետ: Սա խնդիր է, որը չկա Եվրոպայում»,- Լապորտի խոսքն է մեջբերել AS-ը։
Հիշեցնենք, որ Լապորտը «Ալ-Նասր» է տեղափոխվել անցած ամռանը։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը: