Մադրիդի «Ռեալը» նախապատրաստական աշխատանքներ է տանում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլին Հոլանդի հնարավոր տրանսֆերի համար, հայտնում է Cadena SER-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները գործում են այն ծրագրով, որին հետևել են «Բորուսիայից» Ջուդ Բելինգհեմի տեղափոխության շուրջ բանակցությունների ժամանակ։ Ինքը՝ Բելինգհեմը, ևս խոսել է նորվեգացու հետ «Ռեալ Մադրիդ» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
Այժմ «Ռեալը» բանակցում է Հոլանդի ներկայացուցիչների հետ, իսկ միջնորդների միջոցով կապ է պահպանում «Մանչեսթեր Սիթիի» հետ։
23-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում նա «քաղաքաբնակների» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 19 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։
Transfermarkt-ը Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։