64-ամյա իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը, որը վերջերս գլխավորեց Հայաստանի ազգային հավաքականը, իսպանական Marca-ին տված ծավալուն հարցազրույցում պատմել է հավաքականի հետ իր ծրագրերի, Հայաստանից ունեցած տպավորությունների և «Սևիլիայում» անցկացրած ժամանակահատվածի մասին.
— Մի քանի օր առաջ եք ժամանել Հայաստան: Կորոնավիրուսի հետ կապված այդտեղ ի՞նչ իրավիճակ է:
-Վարակման դեպքերն այստեղ այնքան էլ շատ չեն: Ամեն ինչ վերահսկողության տակ է: Հայաստանը փոքր երկիր է, որտեղ իրականացվում են բոլոր անհրաժեշտ ստուգումները: Օդանավակայանում ես համապատասխան ստուգում անցա: Խանութներն ու սրճարանները դեռևս բաց են: Փողոցներում շարժ կա: Հետևում եմ, թե ինչ է կատարվում Իսպանիայում … այս ամենը պետք է շատ լուրջ ընդունել: Այստեղ ներքին առաջնությունները դադարեցված են: Հավաքականի հետ երկու ընկերական խաղ ունենք անցկացնելու և դրանք նույնպես չեն կայանա: Երեքշաբթի պետք է հանդիպում լինի, որի ընթացքում էլ որոշում կկայացվի: Ֆուտբոլը պետք է օրինակ լինի: Եվ գուցե մենք ուշացել ենք: Պետք է լուրջ վերաբերվել իրավիճակին:
-Ի՞նչ նորություններ եք ստանում Իսպանիայից: Ի՞նչ ուղերձ պետք է հղել բնակչությանը:
-Երեխաներս Մադրիդում են, գիտեմ, թե ինչ է կատարվում: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդիկ պետք է հետևեն մասնագետների ու ղեկավարների հորդորներին: Կարիք չկա դուրս գալու տանից, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է առաջին անհրաժեշտության ապրանքներ գնել:
-Թվում է՝ մենք ֆուտբոլ չենք ունենալու: Պե՞տք էր ֆուտբոլը ևս դադարեցնել, ինչպես սոցիալ. տնտեսական միջոցառումները:
-Իհարկե: Պետք է հետևել բոլոր այն միջոցառումներին, որոնք իրականացվում են ֆուտբոլում: Ֆուտբոլը հասարակության հայելին է: Ու նաև մեր սպորտը հասարակության հավաքատեղի է: Ոչ միայն մարզադաշտերում, այլև սրճարաններում, բարերում ….

-Դուք զարմացրիք Ձեր նոր աշխատանքով ու խաղադաշտ վերադառնալով: Չգիտեի՞ք՝ ինչ անել առանց մարզումների:
-Սևիլիան իմ տունն է, բայց խաղադաշտն իմ կյանքն է: Ես ակտիվություն էի ուզում: Այո ես ունեմ հիվանդություն, բայց ես հիվանդ չեմ: Ես ակտիվության կարիք ունեմ:Որպեսզի մարդ ապրի, նրա ուղեղը պետք է ակտիվ լինի: Ընկերս՝ Խինես Մելենդեսը, զանգահարեց ինձ, նրան ճանաչում եմ 1986 թվականից: Նա իմ ուսուցիչն է եղել: Խոսեցի ընտանիքիս հետ, ովքեր աջակցեցին իմ այս որոշումն, ինչն անկասկած շատ բարդ է:
-Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին նախքան այնտեղ գնալը: Google maps-ով ստիպված եղա՞ք փնտրել, թե որտեղ է այն:
-Ինձ դա հիշացրեց Եվրատեսիլի մասին, երբ նայում էինք, թե նրանք մեզ քանի միավոր են տվել: Ինձ զարմացրեց Երևանը: Ուրախության քաղաք է: Շատ ապահով, ուրախ քաղաք է՝ փողոցներում շատ մարդկանցով: Իսկ ինչ վերաբերում է ֆուտբոլին, նրանք լավ ակադեմիաներ ունեն, լավ պայմաններ, 10 ֆուտբոլային դաշտեր: Մեր գլխավոր նպատակը Աշխարհի առաջնությանը որակավորվելն է, որին նրանք երբեք չեն մասնակցել: Ես ինձ միշտ նորարար եմ համարել: Ես միշտ ապստամբել եմ նրանց դեմ, ովքեր ասել են, որ ես հնացած եմ: Ես միշտ նոր մարզումներ եմ արել՝ ինձ միշտ շրջապատելով լավ պատրաստված և նորարարական մարդկանցով:
-Ինչպե՞ս եք կատարելու ֆուտբոլիստների ընտրությունը:
-Հայաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Տեսնենք: Մենք կփորձենք աշխատել 35-40 ֆուտբոլիստի հետ: Կապ կպահենք նրանց հետ, ովքեր խաղում են արտասահմանում՝ եվրոպական լիգաներում, որոնք շատ չեն:

-Խոսեցիք Ձեր առողջության մասին: Ինչպե՞ս եք Ձեզ զգում:
-Լավ, լավ: Ես հիվանդություն ունեմ, բայց ես հիվանդ չեմ: Ես ապրում եմ իմ նորմալ կյանքով, անում եմ այն, ինչն ամենից շատ եմ սիրում կյանքում՝ մարզել:
-Ի՞նչ է Ձեզ տվել «Սևիլիան»:
-Շատ բան: Ես ճանաչել եմ «Սևիլիայի» բոլորովին այլ կողմը: Ես տեսել եմ մեր ակումբի մեծությունը: Մարդիկ կան, ովքեր չեն երևում թերթերում, բայց շատ բան են անում,որպեսզի «Սևիլիան» աճի: Չնայած այն ամենին, ինչ մեզ հետ տեղի ունեցավ, մենք շարունակեցինք հաջողությունների հասնել, խաղալ եզրափակիչներում: «Սևիլիան» երբեք կանգ չի առնում:
-Ի՞նչ կլինի, եթե «Սևիլիան» նորից թակի Ձեր դուռը:
-«Սևիլիան» ինձ շատ բան է տվել կյանքում: Բոլոր փուլերում: Ես ասում եմ այո հիմա և միշտ: Ես միշտ երախտապարտ կլինեմ այս ակումբին:
