«Չելսիի», «Տոտենհեմի» և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն միակ տարբերակն է «Միլանի» ներկայիս գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին փոխարինելու համար։ Այս մասին հայտնում է Sportitalia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Միլանի» ղեկավարությանը չեն բավարարում այլ տարբերակներ։ Նշվում է, որ «Բրայթոնի» ղեկավար Դե Զերբին կարծես թե պատրաստ չէ հեռանալ Անգլիայից, իսկ «Միլանը» չի ցանկանում խաղադրույք կատարել «Բոլոնիան» գլխավորող Տիագո Մոտտայի վրա՝ դա համարելով չափազանց ռիսկային։ Այսօրվա դրությամբ «ռոսոներիները» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երրորդ տեղը։
Անտոնիո Կոնտեի մարզչական կարիերայի վերջին ակումբը եղել է «Տոտենհեմը», որը նա լքել է 2023 թվականին։ Նախկինում իտալացի մասնագետն աշխատել է այնպիսի թիմերի հետ, ինչպիսիք են «Ինտերը», «Չելսին», «Յուվենտուսը», «Սիենան», «Ատալանտան» և «Բարին»: Բացի այդ, Կոնտեն Իտալիայի հավաքականը գլխավորել է 2014-ից 2016 թվականներին։