«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը հաղթել է Բրիսբենում ընթացող ATP-250 տղամարդկանց մրցաշարի առաջին շրջանի խաղում։
Իսպանացու մրցակիցը ավստրիացի թենիսիստ Դոմինիկ Տիմն էր (աշխարհի 98-րդ ռակետ):
1 ժամ 28 րոպե տևած հանդիպումն ավարտվեց Նադալի հաղթանակով՝ 7:5, 6:1 հաշվով։
Նադալի մրցակիցը հաջորդ փուլում կլինի ավստրալացի Ջեյսոն Կաբլեր։
Հիշեցնենք, որ 37-ամյա իսպանացին գրեթե ամբողջությամբ բաց թողեց անցած մրցաշրջանը. նա ծանր վնասվածք էր ստացել 2023 թվականի հունվարի 18-ին Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի հանդիպման ժամանակ։