Օլիմպավանում տեղի է ունեցել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովի հերթական նիստը:
Բացման խոսքով հանդես է եկել ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա առաջարկել է հոտընկայս հարգել ընթացիկ տարում կյանքին հրաժեշտ տված մարզաշխարհի ականավոր ներկայացուցիչներ Ալբերտ Ազարյանի, Միքայել Իսպիրյանի, Բագրատ Բուռնազյանի և Նիկոլայ Ղազարյանի հիշատակը:
Գլխավոր քարտուղարը զեկուցել է 2023թ. ՀԱՕԿ –ի կատարած աշխատանքների մասին՝ նշելով, որ սպորտը համախմբման, միասնության, համերաշխության շարժիչ ուժն է, համայն հայության միավորող ուժը:
ԿԳՄՍՆ –ի , հանրապետական մարզական ֆեդերացիաների և մարզական համապատասխան մյուս կազմակերպությունների հետ լուրջ աշխատանքներ են տարվել ֆիզկուլտուրան երկրում մասսայականացնելու, սպորտը զարգացնելու և օլիմպիական գաղափարները բնակչության շրջանում տարածելու ուղղությամբ:
Հիմնանորոգվել ու վերանորոգվել են մի քանի մարզադպրոցներ՝ Սյունիքի և Տավուշի մարզերում, իսկ եկող տարի համանման աշխատանքներ կարվեն Շիրակում:
Երկրի բնակչության առողջությունը կոփելու, տուրիզմը և ակտիվ հանգիստը կազմակերպելու ու զարգացնելու նպատակով ՀԱՕԿ –ը լուրջ ներդրումներ է կատարել Ծաղկաձորի ճոպանուղու գործունեությունը բարելավելու, միջազգային չափանիշներին լիովին համապատասխանեցնելու ուղղությամբ: Կառուցվել և ավարտական տեսքի են բերվել օժանդակ շինությունները և արհեստական ձյուն պատրաստող համակարգը: Սա շատ կարևոր է Հայաստանի լեռնադահուկորդների վարպետության առաջընթացի համար: Օրինակ, անցյալ տարի, ձյան պակասի պատճառով, ճոպանուղին դահուկորդներին ծառայել է ընդամենը 28 օր: Իսկ ահա արհեստական ձյան առկայության պարագայում ճոպանուղու աշխատանքը, մրցաշրջանում կերկարի յոթ ամսով:
Վերը նշած մարզական կազմակերպությունների համատեղ աշխատանքների և միասնական գործելու շնորհիվ, ավարտվող տարում, հայոց մարզաշխարհի ներկայացուցիչները միջազգային պաշտոնական մրցաշարերում բարձր արդյունքների են հասել:
Հրաչյա Ռոստոմյանը խոսել է նաև Փարիզում եկող տարի կայանալիք 33 –րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների նախապատրաստական ընթացքի մասին:
Ռոստոմյանը հույս է հայտնել, որ այդ թիվը կռապատակվի, քանզի սպասելիքներ դեռևս ունենք ծանրորդներից, բռնցքամարտիկներից, աթլետներից, հրաձիգներից, մարմնամարզիկներից, ջրացատկորդներից, լողորդներից:
Հանդիպման ընթացքում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ –ի շքանշանի է արժանացել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը:
ՀԱՕԿ –ի «Տրդատ երրորդ Արշակունի» մեդալով պարգևատրվել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, իսկ ՀԱՕԿ –ի «Վարազդատ Արշակունի» մեդալով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: