Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոն պատրաստ է մրցաշրջանի ավարտից հետո անվճար հեռանալ թիմից, հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
Աղբյուրի համաձայն՝ պաշտպանը թուրինյան ակումբը կլքի ազատ խաղացողի կարգավիճակով, քանի որ ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է։ Սանդրոյով արդեն հետաքրքրված են Բրազիլիայի և Թուրքիայի թիմերը։
Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսը «Յուվենտուսի» կազմում իտալական Ա սերիայի 5 հանդիպման է մասնակցել, որոնցում գոլ չի խփել և խաղադաշտում անցկացրել է 278 րոպե։
Ֆուտբոլիստը «Յուվե» է տեղափոխվել «Պորտուից» 2015 թվականի ամռանը։ Transfermarkt ինտերնետային պորտալի փոխանցմամբ՝ 28 միլիոն եվրոյի դիմաց: Իտալական թիմում ութ տարվա ընթացքում Ալեքս Սանդրոն հինգ անգամ հաղթել է Ա Սերիայում, չորս անգամ՝ Իտալիայի գավաթում և երկու անգամ՝ երկրի Սուպերգավաթի խաղարկությունում։