«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է այն հարցին, թե հռոմեական ակումբը նախատեսո՞ւմ է ամրապնդվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Բանն այն չէ, որ ես մի բան եմ ուզում, իսկ սեփականատերերը՝ մեկ այլ բան։ Ես չեմ նախանձում, բայց «Մանչեսթեր Սիթին» 80 միլիոն եվրո է ծախսել Ֆիլիպսի վրա, և այժմ Պեպը ցանկանում է վաճառել նրան՝ նոր խաղացող գնելու համար։ Մենք ապրում ենք այլ իրականության մեջ։ Կցանկանայի, որ թիմին միանային ևս 3-4 խաղացողներ։ Մենք ցանկանում ենք ուժեղացնել կազմը, բայց այս հարցում դժվարություններ ունենք։ Եթե պաշտպան գնենք, ես արդեն երջանիկ կլինեմ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։
Հիշեցնենք, որ կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Լիդսից» 2022 թվականի ամռանը՝ 49 միլիոն եվրոյի դիմաց։ Այս ընթացքում անգլիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո: