Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը գերազանցել է նախորդ մրցաշրջանում իր իսկ ռմբարկուական ռեկորդը։
20-ամյա անգլիացի ֆուտբոլիստը խփել է իր 14-րդ գոլն ընթացիկ մրցաշրջանում՝ գրավելով «Կադիսի» դարպասը: Այս ցուցանիշին հասնելու համար խաղացողին անհրաժեշտ էր ընդամենը 15 հանդիպում անցկացնել «Ռեալի» կազմում։ Նշենք, որ նախորդ ամբողջ մրցաշրջանի ընթացքում Բելինգհեմը խփել է նույնքան՝ 14 գոլը՝ մասնակցելով 42 հանդիպման։ Այդ ժամանակ կիսապաշտպանը խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»։
Ջուդ Բելինգհեմը «Ռեալի» ճամբար է տեղափոխվել այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից», ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի՝ 103 միլիոն եվրոյի դիմաց:
Այս պահին Իսպանիայի Լա Լիգայում անցկացրած 14 խաղից հետո մադրիդյան ակումբը 35 միավորով առաջնության առաջատարն է։