«Մանչեսթեր Յունայթեդում» հերքում են գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հեգին պաշտոնանկ անելու և փոխարինելու որևէ հնարավորություն՝ «կարմիր սատանաների» անբավարար արդյունքների պատճառով։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով ակումբին մոտ կանգնած աղբյուրներին։
«Մանչեսթեր Յունայթեդը» հերքում է նաև այլ մասնագետների հետ շփումների փաստը, որոնք տեսականորեն կարող են փոխարինել Տեն Հագին։ Ընդգծվում է, որ ակումբի ղեկավարների՝ «կարմիր սատանաների» նոր գլխավոր մարզիչ նշանակելու ցանկության մասին տեղեկությունը կեղծ է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ կային, որ մանչեսթերյան ակումբը որպես հոլանդացի մասնագետին հավանական փոխարինող դիտարկում է «Սպորտինգի» մարզիչ Ռուբեն Ամորիմին ու Զինեդին Զիդանին։
Նոյեմբերի 1-ին, Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Տեն Հագի թիմը ջախջախիչ 0։3 հաշվով պարտվել է «Նյուքասլին» ու լքել է մրցաշարը։