«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան պատասխանել է Չեմպիոնների լիգայի՝ «Սևիլիայի» հետ խաղում (2:1) թիմի հարձակվող Գաբրիել Ժեզուսի վնասվածքի և խաղի վերաբերյալ հարցերին։
Ժեզուսն այս խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվել է 81-րդ րոպեին։
«Նա ինչ-որ բան զգաց ծնկի շրջանում, այնպես որ՝ կտեսնենք: Նա անմիջապես փոխարինում խնդրեց, ինչը լավ նշան չէ, քանի որ Գաբին ամենևին էլ այն խաղացողը չէ, ով դա անում է: Մենք պետք է սպասենք և տեսնենք առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Ամենամեծ խաղերում մեզ կախարդական պահեր են պետք։ Մեզ պետք են առաջատար խաղացողներ, ովքեր խաղադաշտ դուրս կգան ու նման պահեր կստեղծեն։ Մեզ պետք է, որ մեր խաղացողները լինեն իրենց լավագույն մարզավիճակում, և նա իսկապես ինչ-որ յուրահատուկ բան արեց այսօր»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն: