«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն սխալ է համարում անգլիական թիմ տեղափոխվելու իր որոշումը, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը դժգոհ է բրազիլացու ելույթներից, և ինքը՝ խաղացողը, նույնպես ափսոսում է, որ լքել է «Ռեալը» և միացել այն թիմին, որտեղ անկայունություն է տիրում ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Նշվում է, որ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը դիտարկում է «Բենֆիկայի» 19-ամյա խաղացող Ժոաո Նևեշի հետ պայմանագիր կնքելու հնարավորություն՝ որպես փոխարինող Կազեմիրոյին։
Ընդ որում, բանակցություններն արդեն սկսվել են: «Բենֆիկան» ցանկանում է իր ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 70 միլիոն եվրո։
31-ամյա Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ռեալից» 2022 թվականի ամռանը։ Անգլիայի Պրեմիեր լիգայում բրազիլացի կիսապաշտպանն անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։