«Բիրմինգեմ Սիթիի» նոր գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին երեք անգամ ավելի շատ աշխատավարձ կստանա, քան նախորդ մարզիչ Ջոն Յուստասը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ Յուստասը շաբաթական վաստակել է 9000 ֆունտ (10,387 եվրո): Իր հերթին Ռունիի աշխատավարձը կկազմի շաբաթական 29,000 ֆունտ (33,472 եվրո): Ընդգծվում է, որ դա ավելին է, քան անգլիացի մասնագետը վաստակել է իր նախորդ աշխատավայրում՝ ամերիկյան «ԴԻՍԻ Յունայթեդ» ակումբում, որտեղ նրա աշխատավարձը կազմել է շաբաթական մոտ 23,653 ֆունտ (27,300 եվրո):
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 9-ին, մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ռունին շուտով կդառնա «Բիրմինգեմ Սիթիի» նոր գլխավոր մարզիչը։
Չեմպիոնշիփի 11 հանդիպումներից հետո «Բիրմինգեմ Սիթին» վաստակել է 18 միավոր և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Հաջորդ տուրում անգլիական թիմը կխաղա «Միդլսբրոյի» հետ։ Խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին։