Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ասել է, որ կոնֆլիկտ չունի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ և բացատրել է, թե ինչու խորվաթ ֆուտբոլիստը այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ թիմի վերջին հանդիպումներում։
Իսպանիայի առաջնությունում մադրիդցիների վերջին երկու խաղերում 38-ամյա կիսապաշտպանը մնացել էր պահեստայինների նստարանին։
«Լուկան խաղադաշտ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի առաջին տուրում, մասնակցեց «Ատլետիկոյի» հետ դերբիին։ Վերջին երկու հանդիպումներում նա չի խաղացել կիսապաշտպանությունում շատ բարձր մրցակցության պատճառով։ Երբեմն ինչ-որ մեկը պետք է մնա պահեստայինների նստարանին: Մոդրիչը մեզ հետ խնդիրներ չունի, մենք նրա հետ խնդիրներ չունենք։ Ես շատ եմ հարգում նրան, բայց երբեմն ստիպված ես որոշումներ կայացնել, որոնք թանկ են նստում։
Մոդրիչը լավ է: Սա տակտիկական որոշում է։ Ամեն ինչ կարող է փոխվել վաղը կամ մեկ այլ օր, երբ մենք ևս մեկ հանդիպում կունենանք: Այսօր Մոդրիչը պահեստային է, վաղը Կրոսը, հետո Չուամենին կամ Կամավինգան: Ամեն ասուլիսի ժամանակ կարող եք ինձ հարցնել, բայց մենք յոթ կիսապաշտպան ունենք, և միայն չորսը կարող են խաղալ»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում Relevo-ն։
Սեպտեմբերի 30-ին հաղորդվում էր, որ Մոդրիչը կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամի»: