«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն երկրպագուներին խնդրել է ավելի համբերատար լինել թիմի նորեկների հանդեպ։ Լոնդոնյան ակումբը չորս մեկնարկային տուրում վաստակել է 4 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 14-րդ տեղը։
«Չելսիից» ակնկալիքները միշտ մեծ են․․. Երբ գալիս ես այս ակումբ որպես խաղացող կամ մարզիչ, ակնկալում ես հաղթել, նվաճել գավաթներ, լավ հանդես գալ և գոլեր խփել:
Հիմա մենք իսկապես երիտասարդ թիմ ունենք, խաղացողներ, որոնք լավ ներդրում են ակումբի համար։ Պետք է հիշել, որ նրանք երիտասարդ են և պետք է հարմարվեն հանգամանքներին։ Անարդար է մեկ խաղից, երկու խաղից, երեք խաղից հետո գնահատական տալ ու ասել, որ այս կամ այն խաղացողը չի խաղացել։
Ես միշտ օգտագործում եմ նույն օրինակը՝ «Ռեալը» 70 կամ 80 միլիոն է վճարել Զինեդին Զիդանի համար: Նա ֆանտաստիկ խաղացող էր, բայց նրա ժամանելուց վեց ամիս անց երկրպագուները ասում էին. «Այս ո՞ւմ ենք գնել»: Նա սկսեց լավ հանդես գալ 7-8 ամսվա ընթացքում: Զինեդին Զիդանը 27 տարեկան էր։
Երբ գնում ես 20 կամ 21 տարեկան խաղացողներ, պետք է զգույշ լինել: Նրանք մեքենաներ չեն։ Նրանք պետք է հաշտվեն բոլոր այն հանգամանքների հետ, որոնք տեղի են ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում: Մենք պետք է նրանց ժամանակ տանք»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում TeamTalk-ը: