«Նապոլիի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին մամուլում տարածված լուրերին։
«Որոշ լրատվամիջոցներ, որպես միակ աղբյուր նշելով ֆուտբոլիստի գործակալներին, շարունակում են հաղորդել Կվարացխելիայի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ իբր շարունակվող բանակցությունների մասին։ Այդ ամենն անհեթեթություն է: «Նապոլիի» ոչ մի ներկայացուցիչ երբևէ չի խոսել ֆուտբոլիստի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման մասին, որի ժամկետը լրանում է չորս տարուց»,- ասվում է «Նապոլիի» մամուլի ծառայության Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ֆուտբոլային գործակալ Մամուկա Ջուգելին այսօր ժամանել է Նեապոլ՝ բանակցելու իտալական ակումբի հետ վրացի խաղացողի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Հիմնական խնդիրն, ըստ աղբյուրի, ընթացիկ աշխատավարձի ճշգրտումն է, որը ներկայում կազմում է 1,4 միլիոն եվրո՝ մեկ մրցաշրջանի համար:
Հաղորդվում էր նար, որ ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը ցանկանում է պաշտպանել իր խաղացողներին մրցակիցների ճամբար հնարավոր տեղափոխություններից, հետևաբար նա նախատեսում է նաև բարելավել նեապոլիտանացի հարձակվող Վիկտոր Օսիմենի հետ գործող պայմանագրի պայմանները։