Հայ բռնցքամարտիկներն, ինչպես հայտնի է, այսօր վերջին մարզումն անցկացրին Լոնդոնում օրեր անց մեկնարկող օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ: Վնասվածքներ, բարեբախտաբար, չունենք. բոլորը կազմ-պատրաստ են մեկնում Լոնդոն, ասում են` ամեն ինչ անելու են ոչ միայն վարկանիշ նվաճելու, այլև` մրցանակային տեղեր զբաղեցնելու համար:

Կանանց պայքարում օլիմպիական ուղեգրերի համար 2 մարզուհի կպայքարի` 51 կգ Անուշ Գրիգորյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը: Անին, որն առաջին անգամ է վարկանիշային մրցաշարի մասնակցելու, ասում է`վստահ է, որ շատ լավ է հանդես գալու, չնայած նախապես խոստումներ տալ չի սիրում.
«Շատ լավ մարզավիճակում եմ: Առաջին անգամ եմ մասնակցելու վարկանիշային մրցաշարի, մինչ այս բազմիցս մասնակցել եմ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների: Շատ պատասխանատու մրցաշար է ու շատ կարևոր: Հուսով եմ` սպասելիքներս կարդարանան: Վստահ եմ, որ շատ լավ եմ հանդես գալու: Չեմ ուզում նախապես ինչ-որ բաներ խոսել, բայց վստահություն կա, որ լավ եմ հանդես գալու ու մեծ հնարավորություններ եմ ունենալու նաև Օլիմպիական խաղերին մասնակցելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասել է Անի Հովսեփյանը
«Ամեն ինչ, իհարկե, պարզ կլինի մրցաշարի ընթացքում, բայց ինձ վստահ եմ զգում, լավ եմ զգում, կարծում եմ`ամեն ինչ լավ կլինի»:

75 կգ քաշային Արման Դարչինյանը, որը մի շարք միջազգային մրցաշարերի մեդալակիր է, բավարար է գնահատում իր մարզավիճակը.
«Փառք Աստծո շատ լավ մարզավիճակում եմ: Ըստ իմ ու մարզիչների գնահատականի մարզավիճակս բավարար է այս պահի համար: Որևէ խոչընդոտ չկա, միայն հակառակորդներն են, որոնց պետք է հաղթահարեմ:
Հաղթական ու լավ տրամադրվածությամբ եմ մեկնում: Տրամադրությունը շատ մեծ դեր է խաղում: Այս ընթացքում սպարինգ մենամարտեր եմ անցկացրել մեքսիկ, ամերիկացի, ղազախ, ռուս բավականին փորձառու բռնցքամարտիկների հետ, կարծում եմ` սա միայն օգուտ կտա»,- ասում է Արման Դարչինյանը:

Թիմի ամենաերիտասարդ բռնցքամարտիկը Գոռ Ներսիսյանն է, որն անցած ամառ բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպական խաղերում: 81 կգ քաշային կարգում հենց նա Լոնդոնում կպայքարի օլիմպիական ուղեգրի համար, չնայած ասում է` նպատակը ոչ միայն ուղեգիր նվաճելը, այլև չեմպիոն դառնալն է.
«Լավ պատրաստվել ենք, 4 հավաք ենք անցկացրել, ու ամբողջ թիմն իր վրա շատ վստահ է: Գնալու ենք օլիմպիական ուղեգրերի հետևից:
Իմ քաշում 4-րդ համարն եմ Եվրոպայում, իսկ առաջիկա վարկանիշային մրցաշարում օլիմպիական ուղեգիր կնվաճեն առաջին 6 հորիզոնականները զբաղեցրած բռնցքամարտիկները: Ամեն ինչ անելու եմ ոչ միայն ուղեգիր նվաճելու, այլև` չեմպիոն դառնալու համար»,- ասում է Գոռ Ներսիսյանը:

Նարե Հովհաննիսյան