35-ամյա Ջոնի Էվանսը կարճաժամկետ պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ մինչև 2024 թվականի հունիսը։
«Ուրախ եմ միանալու «Մանչեսթեր Յունայթեդին», մի ակումբ, որտեղ ես ինձ միշտ զգացել եմ ինչպես տանը: Այս ակումբը և նրա աջակիցները 15 տարեկանից ինձ ձևավորել են որպես խաղացող և մարդ, և ես ուրախ եմ վերադառնալ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց՝ այս տաղանդավոր թիմի կազմում:
Ես իսկապես հաճույք էի ստանում մարզիչ Էրիկ տեն Հեգի և նրա մարզչական շտաբի գլխավորությամբ աշխատելուց մինչմրցաշրջանի ընթացքում և անհամբեր սպասում եմ, թե երբ կօգնեմ թիմին միասին հաջողության հասնել»,- ասել է Էվանսը։
Էվանսը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է: Կարմիր սատանաների հիմնական թիմի կազմում հյուսիսիռլանդացի պաշտպանն իր նորամուտը նշել է 2007 թվականի սեպտեմբերի 26-ին Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության՝ «Քովենթրի Սիթիի» հետ խաղում։ Վերջին տարիներին Ջոնին խաղում էր «Լեսթեր Սիթիում», որը լքել է Անգլիայի Պրեմիեր լիգան 2022/2023 մրցաշրջանի վերջում, իսկ ինքը՝ Էվանսը, պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով ազատ գործակալի կարգավիճակ էր ստացել։
2022/2023 մրցաշրջանում Էվանսը «Լեսթերի» կազմում անցկացրել է 14 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում չի կարողացել գոլի հեղինակ դառնալ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 2 միլիոն եվրո։