Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։
Այս մասին հաղորդվում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ:
Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։
Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։
Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։