Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուսը կարող է մեկ ամիս բաց թողնել՝ «Սելտա Վիգոյի» դեմ խաղում (1:0) ազդրի վնասվածք ստանալուց հետո: Այս մասին հայտնում է El Chiringuito հեռուստաընկերությունը՝ հղում անելով լրագրող Էդա Ագիրեին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ազդրի հետնամասի վնասվածքը, որը բրազիլացին ստացել է «Սելտայի» հետ խաղի հենց սկզբում, ավելի լուրջ է ստացվել, քան ի սկզբանե ենթադրվում էր։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը խաղադաշտից դուրս կմնա առնվազն մեկ ամսով:
Ավելի վաղ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել էր, որ Վինիսիուսը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Խետաֆեի» հետ Իսպանիայի առաջնության հաջորդ հանդիպումը։ Նախորդ մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ: