ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի դեմ այն սկանդալների ֆոնին, որոնց մեջ նա հայտնվել էր 2023 թվականի աշխարհի առաջնությունում Իսպանիայի կանանց հավաքականի հաղթանակից հետո։
«ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն տեղեկացրել է Իսպանիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսին, որ կարգապահական վարույթ է հարուցում նրա դեմ՝ կանանց աշխարհի առաջնության եզրափակիչի ընթացքում և դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հիման վրա: Նրա գործողությունները կարող են լինել ՖԻՖԱ-ի կարգապահական օրենսգրքի խախտում:
ՖԻՖԱ-ի Կարգապահական կոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի այս կարգապահական վարույթների վերաբերյալ միայն այն բանից հետո, երբ վերջնական որոշում կայացնի այդ հարցի վերաբերյալ:
ՖԻՖԱ-ն վերահաստատում է իր անսասան հանձնառությունը հարգելու բոլոր մարդկանց ամբողջականությունը և խստորեն դատապարտում է դրան հակասող ցանկացած վարքագիծ»,- ասված է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Լուիս Ռուբիալեսը հայտնվել է սեքսիստական սկանդալի մեջ՝ կանանց աշխարհի գավաթի հաղթողների մրցանակաբաշխությունից հետո համբուրելով Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենի Հերմոսոյի շուրթերը։ Սոցցանցերում մեկնաբանելով այս դրվագը՝ Հերմոսոն ընդգծել է, որ իրեն դուր չի եկել այն, ինչ արել է Ռուբիալեսը։ Միջադեպն ինքնին բուռն քննարկումների տեղիք է տվել ֆուտբոլային հանրության շրջանում։ Ինքը՝ Ռուբիալեսը, հայտարարել է, որ «դա մի պահ էր, երբ երկու ընկերներ հաղթանակ էին տոնում»։