Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին Metaratings.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանին:
— Հայաստանի հավաքականի մեկ այլ նորեկը Նաիր Տիկնիզյանն է, որն առաջին իսկ խաղերից բավական վառ հանդես եկավ ու կարողացավ դառնալ հանրության սիրելին։ Դուք նախկինում գիտեի՞ք նրա մասին:
— Ոչ, ես նրան առաջին անգամ տեսա Թուրքիայի դեմ խաղում։ Նաիրն ինձ տպավորեց իր վստահ խաղով, նա հիանալի խաղացող է։
Երբ խաղացողին չես ճանաչում և նրան առաջին անգամ ես տեսնում, որոշ ժամանակ է պետք եզրակացություններ անելու համար: Բայց երբ նա մի քանի անգամ դիպավ գնդակին, ես անմիջապես հասկացա, որ Տիկնիզյանը հսկայական ներուժ ունի։ Կարծում եմ՝ նա կարող է հասնել Մխիթարյանի մակարդակին ու խաղալ թոփ-ակումբներում։
Կան խաղացողներ, ովքեր լավ են խաղում, բայց նրանք Մեսսիի մակարդակի տաղանդներ չեն, որոնց կարելի է տեսնել անզեն աչքով: Բայց ես միանգամից գնահատեցի Նաիրի մակարդակը, նրա մտածողությունը, վազելու և գնդակն ընդունելու ոճը։ Այս տղաներից անմիջապես երևում է, որ նրանք ունեն մի բան, որը չունեն մյուս խաղացողները:
— Որոշ եվրոպական ակումբներ հետեւում են նրան, իսկ «Վերդերը» նրան տրանսֆերի առաջարկ է արել։ Նաիրը կկարողանա՞ համապատասխանել այդ մակարդակին:
— Ինչպես ասացի, Նաիրը հսկայական ներուժ ունի, պարզ է, որ նա գերազանց ֆուտբոլիստ է։ Բայց նրա համար դեռ վաղ է Եվրոպա գնալը, պետք է մի քիչ սպասել։ Լավ կլինի, եթե նա բարձրագույն լիգայից տեղափոխվի ուժեղ ակումբ, բայց ես չեմ հավատում, որ նա կկարողանա անմիջապես հայտնվել մեկնարկային կազմում։ Ուստի ժամանակ է պետք։