«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է այն սկզբունքի մասին, որի վրա հիմնված է եղել թիմի նոր խաղացողներ ընտրելիս:
«Իմ տրանսֆերային պահանջնե՞րը: Ես ամփոփեցի անցած մրցաշրջանը, հայտնեցի իմ կարծիքն այն մասին, թե ինչը կարող է օգնել մեզ։ Հետո կրճատեցինք տրանսֆերային ցուցակը, քանի որ, իմ կարծիքով, անիմաստ է մեծ թվով թեկնածուներ դիտարկել։ Այսպիսով, մենք կրճատեցինք որոնումը մեզ համար ճիշտ տղաներին ընտրելու համար, ովքեր համատեղում են լավ անձնական հատկությունները և տաղանդը: Ինչպես ասացի, մենք պետք է ավելացնեինք վճռականություն և կոշտություն: Մենք ցանկանում ենք ուժեղացնել թիմային ոգին։ Այդպիսով, ուշադրության կենտրոնում հենց դա էր»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Բունդեսլիգայի կայքը։
Ընթացիկ տրանսֆերային պատուհանում «Բավարիային» են միացել Հարի Քեյնը, Կիմ Մին Ջաեն, Կոնրադ Լայմերը և Ռաֆայել Գերեյրոն:
Բունդեսլիգայի 1-ին տուրում մյունխենյան թիմը օգոստոսի 18-ին արտագնա խաղում կմրցի Բրեմենի «Վերդերի» հետ: